«Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը՝ Քյոխը պատմել է 44-օրյա պատերազմի ընթացքի մասին, որոնց մասին չի խոսվել մինչ օրս։

Կարեն Ջալավյանը պատմել է Արցախի պայթեցված կամուրջների, նահատակված հերոս զինվորների մասին։

Ջալավյանը խոսել է նաև «Մարտական Եղբայրության» անդամ, ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանի մասին, ով ամեն բան պատվով էր անում։

«Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում»,-ասել է Ջալավյանը։

Նշենք, որ «Մարտական Եղբայրության» անդամ Արման Պետրոսյանին 1 ամսով կալանավորել են՝ խուլիգանության մեղադրանքով։

Այս առթիվ ArmLur.am-ը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ է հրամանատարը հիմա պատմում մանրամասներ։

«Ես այդ տեսանյութի մեջ առանձնապես ոչ մի ուշագրավ բան չեմ հանդիպել։ Նայել եմ այդ տեսանյութը և անկեղծ ասած Արցախի այդ ռազմական գործիչների հուշերը քիչ են հետաքրքրում, առավել ևս իրենց հիմիկվա այս կեցվածքի պայմաններում։ Իրենք իրենց գործը համարում են ավարտված, հիմա պետք է նստեն մեզ տենց լեգենդներ պատմեն, իրենց ռազմական սխրանքները պատմեն։ Արցախը հանձնել են թշնամուն եկել են, չէ՞, հիմա էլ ի՞նչ հեքիաթների մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Ղազարյանը ասաց, որ իրեն շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ է ասել հրամանատարը և չի հասկանում, թե ինչո՞ւ է պատմում այդ պատմությունները։

«Եկել այդ պատմությունները պատմում է, որ ի՞նչ անենք, հայրենասիրությամ լցվե՞նք։ Հիմա ինքը, օրինակ, հերոսական հրամանատարի համբավ ուներ չէ՞, Արցախից հետո եկել է Երևան, մի օր բարձրաձայնե՞լ է, թե էս դժբախտությունը այս ժողովրդի գլխին ով է բերել։ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի խոսք լսե՞լ եք, որ նա ասի։ Մարտական դիրքը թողել է եկել է Երևան պատմություննե՞ր է պատմում։ Հետաքրքիր չի ինձ իրենց այդ կեցվածքը, անկեղծ»,- ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը նաև նշեց, որ Արցախից եկած մարդիկ էլ պահանջատեր չեն, քանի որ հաշիվ չեն պահանջում այն մարդկանցից, ովքեր այս իրավիճակին են հասցրել։

«Այդքան ժամանակ է եկել են ամբողջ արցախցիներով փախստականի կարգավիճակով ապրում են, մի հաշիվ չեն ուզում պահանջել այն մարդկանցից, ովքեր դրել են իրենց այդ վիճակի մեջ։ Տարիներով ծառայել են, հերոսական սխրանքներ են գործել, փառքի են արժանացել, պատվի են արժանացել, մեդալների են արժանացել, այդ ամեն ինչը իրենց համար արժեք չունի՞, ոչ ոքից իրենք հիմա բան չունե՞ն պահանջելու։ Հիմա պետք է նստեն կամեռաների առաջ իրենց հիշողությունները պատմեն, մենք էլ իրենց հիշողություններով ապրե՞նք, անլուրջ է»,- ասաց Ղազարյանը։

Փորձեցինք նաև ճշտել, թե ինչ է կարծում Ղազարյանը «Մարտական Եղբայրության» անդամ Արման Պետրոսյանին կալանավորելու մասով, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց․

«Ես, ճիշտն ասած, ծանոթ չեմ այդ հանգամանքներին, ընդհանուր գիտեմ, որ Հայաստանի ոստիկանության և իրավապահ մարմինների կողմից գործողությունները ընդհանրապես իրավունքի տրամաբանության հետ ոչ մի կապ չունեն։ Հիմա անցել են ամենաբիրտ, ռեպրեսիվ գործողությունների, իրենց իշխանության դեմ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած մարդու նկատմամբ, որպեսզի կարողանան պահել այդ հանցավոր իշխանությունը և մեր հայրենիքը հանձնեն թշնամիներին»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս