Շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ առերեւույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վարույթի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ:
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձի՝ պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
«2024թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լեւոնյանը իր՝ լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի օգնական Ա.Ս.-ն, որը, վիրավորելով լրագրողին, պարզաբանում է պահանջել՝ Դ. Լեւոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լեւոնյանը պարզաբանել է, որ ինքը լրագրող է, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է եւ անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին եւ, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։
Այնուհետեւ Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները եւ հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ է հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտելով Դավիթ Լեւոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Դատարան ներկայացնելու նպատակով՝ նրան ձերբակալելու որոշում է կայացվել, եւ տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեպքի առթիվ զրուցել է Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի հոր՝ նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉԻ՞Ն ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Մայիսի 17-ին կլրանա 1 տոննա կոկաինի քրեական գործով քննության 1 տարին, ու մինչ օրս շատ հարցեր մնում են անպատասխան: Փաստ է մեկ բան, որ քրեական գործով անցնողները արդեն մեկ տարի է՝ տնային կալանքի տակ են, ու իրավապաները սպասում են Իտալիայից եւ Էկվադորից իրավական օգնության պահանջներին կատարման արդյունքներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով՝ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ էին արվել. հիմա սպասում են կոնկրետ պատասխանների։
ArmLur.am-ին հատկապես հայտնի էր, թե ԱԱԾ-ն մասնավորապես որ երկրների իրավապահներին է դիմում ուղարկել։ Կոնկրետ հարցեր են ուղարկվել Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության իրավապահներին. իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին:
Բանն այն է, որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հետաձգվեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատալսումները։
Դատական նիստի մեկնարկին նախագահողը հայտնեց, որ մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել, համաձայն որի՝ Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, չի կարող ներկայանալ նիստին, ըստ այդմ՝ նիստը հետաձգվեց։ Մինչ Արմեն Աշոտյանին ոստիկանության ծառայողները կուղեկցեին նիստերի դահլիճից դուրս՝ լրագրողները մի քանի հարց ուղղեցին՝ Կիրանցում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Երեւանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցն իր նպատակին հասնի։ Եթե Երեւանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները, շատ գովելի են, բայց վերջնական արդյունքի բերող չեն»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ազատության մեջ լինելու դեպքում՝ կգտնվեր Տավուշում, բայց խնդիրը Երեւանում է լուծվում։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռեւս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը՝ երեկոյան, Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԻՆՔՆԱԹԻՌԻՑ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀՀ
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում՝ ապրիլի 30-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով վերադարձել եւ օդանավակայանում Արտաշատի բաժնի աշխատակիցներին է ներկայացել 44-ամյա Տիգրան Ս.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: