«ԹՈՒՄՈՅԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia-ն կաջակցի «Թումոյի»` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը: Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը «Թումո» Երեւանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող եւ հետագայում բացվող «Թումո» կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:

Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ «Թումո» ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար։
Կարեւորելով այս համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շեշտեց, որ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտներին աջակցելն իրենց համար առաջնահերթություն է:
«Team-ն ու «Թումոն» ունեն նույն առաքելությունը, բայց տարբեր ոլորտներում։ Մեր դեպքում՝ Հայաստանի բոլոր բնակիչներին որակյալ ու գերարագ ինտերնետի, իսկ «Թումոյի» դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության ապահովումն է։ Միավորելով մեր ուժերը՝ նպաստելու ենք Հայաստանի բոլոր մարզերի պատանիների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաեւ համայնքների ակտիվացմանը»:
Այս պահին Team-ի գերարագ ինտերնետով են ապահովվում 10 «Թումո» տեղանքներ՝ կենտրոններ ու տուփեր: Ինտերնետի տրամադրման գործընթացը լինելու է շարունակական՝ ընդգրկելով «Թումո Հայաստան» նախագծի շրջանակում բացվող բոլոր «Թումո» կենտրոններն ու տուփերը:
«Մասնավոր սեկտորի ներգրավվածությունը կրթության զարգացման գործում նույնքան կարեւոր է, որքան ինտերնետը՝ 21-րդ դարի կրթության կազմակերպման համար: Համոզված եմ, որ այս եւ նման համագործակցությունների շնորհիվ, մեկ օր առաջ կկարողանանք ապագայի հմտությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր պատանիների համար», – նշեց «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր նպատակը՝ «Թումոն» նախատեսում է 16 կենտրոնից եւ 110 տուփից բաղկացած ցանց կառուցել՝ ապահովելով յուրաքանչյուր շաբաթ 80,000 պատանիների կրթական առօրյան ծրագրի շրջանակում:
Բացի դրանից, հուշագիրը համագործակցություն է սահմանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Թումո լաբեր» նախագծի եւ «42 Երեւան» ծրարգրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետները կիրականացնեն կրթական հանդիպումներ եւ ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային եւ ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաեւ բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության եւ անվտանգության մակարդակը։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ «Թումոյի» կրթական փորձառության շրջանակներում ուսանողները՝ ինքնուսուցման, դասընթացների եւ աշխատարանների վրա հիմնված հատուկ կրթական համակարգի միջոցով հմտանում են տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում՝ ծրագրավորումից, ռոբոտաշինությունից եւ խաղերի ստեղծումից մինչեւ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն եւ այլն: Ծրագրին կարող է միանալ 12-18 տարեկան ցանկացած երիտասարդ։
2011-ից՝ ստեղծումից ի վեր, Հայաստանում հիմնվել են շուրջ 35 «Թումո» կենտրոններ եւ տուփեր, ուր հաճախում են ավելի քան 25,000 պատանիներ։ Ծրագիրը ընդլայնվել է արտերկրում. «Թումո» կենտրոններ են գործում Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, մոտ ապագայում սպասվում է կենտրոնների բացում Նիդերլանդներում եւ ԱՄՆ-ում։

ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԳՈՐԾՈՒՄ
Դեղագործության ոլորտում արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրանքի տեսականու ընդլայնման նպատակով գործում է Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը։ Այս մասին իրազեկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրով ՀՀ կառավարությունը տրամադրում է ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների եւ (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Դեղագործության ոլորտի տնտեսվարողներին փոխհատուցումը կտրամադրվի՝
1. կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ.
2. կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։

ՈՍԿԻՆ ԵՎ ԱՐԾԱԹԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
NYMEX բորսայի մայիսի 1-ի առեւտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի եւ պլատինի գները:
Ոսկու գինն աճել է 1.49 տոկոսով եւ կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56 տոկոսով եւ կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38 տոկոսով եւ կազմել 967.40 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի եւ պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմին եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին եւ զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը:
Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ A compact for inclusive growth (Համաձայնություն ներառական աճի համար), Securing a development-positive energy transition (Զարգացում-դրական էներգետիկ անցման ապահովում) եւ Revitalizing global cooperation (Համաշխարհային համագործակցության ակտիվացում)։
Նախարարի առաջին տեղակալը մասնագիտացված լսարանին է տրամադրել տեղեկատվություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին նորարարությունների ու զարգացումների վերաբերյալ, միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:
Այցի շրջանակում Գեւորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կազմակերպվել է այց Սաուդյան Արաբիայի հանրային հեռուստաընկերություն, տեղի են ունեցել նաեւ մի շարք պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Էկոնոմիկայի եւ պլանավորման նախարարությունների, «Misk» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

ԼԱԶԵՐԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ ՍՈՒԶԱՆԱՎ
Չինական ռազմարդյունաբերական համալիրը մոտ է լազերային շարժիչով գերարագ սուզանավ ստեղծելուն:
Լազերը սուզանավերի շարժիչում կիրառելու գաղափարն առաջին անգամ մտահղացել են ճապոնացի գիտնականները դեռ 20 տարի առաջ: Դրա էությունն այն է, որ լազերները ստորջրյա պլազմա են գեներացնում՝ ստեղծելով պայթեցման ալիք, որն էլ ռեակտիվ շարժիչի արագությամբ ստորջրյա նավը շարժման մեջ է դնում: Այս տարիների ընթացքում ճապոնացիների չինացի գործընկերները հսկայական ջանքեր են գործադրել՝ փորձելով բացահայտել լազերային եզակի տեխնոլոգիայի գաղտնիքը: Եվ ահա, ըստ Հարբինի հետազոտողների, դա նրանց հաջողվել է։




Լրահոս