Ադրբեջանը քայլ առ քայլ ոչնչացնում է ամբողջ հայկականը. Դավիթ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս մասին հայտնում են Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից:

Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, անդրադառնալով տարածված տեղեկությանը, ասաց, որ նա նույնպես համացանցից է տեղեկացել և կարծում է, որ դա Ադրբեջանի կողմից սպասելի էր։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վանդալիզմը առերևույթ երևում է, սա միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ է տարվում, և Հայաստանի իշխանությունների կողմից նման երևույթներում պատշաճ արձագանքի չի լինում։ Իհարկե Ադրբեջանը քայլ առ քայլ ոչնչացնում է ամբողջ հայկականը։ Ինչպես Փաշինյանն է խոսում՝ մեր պատմական արժեքները պետք է մոռանանք, և պետք է տարանջատենք իրական Հայաստանն ու պատմական Հայաստանը»։

Գալստյանի տեղեկություններով՝ Ադրբեջանը պատրաստվում է բնակեցնել Ստեփանակերտը և դա հերթական պլանավորված քայլերն են, որպեսզի արցախցու մեջ փորձեն մարել նաև ետ վերադարձի հույսը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս