ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ՝ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրն արժանացել է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին:

Ծրագիրն ուղղված է Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանն ու դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը:
Ծրագրի աշխատանքների մեկնարկն ազդարարելու նպատակով՝ Հայաստան են ժամանել Դիաբետի համաշխարհային հիմնադրամի (Դանիա) ներկայացուցիչներ, որոնք առողջապահության նախարարության եւ Հայկական ակնաբուժության նախագծի մասնագետների հետ այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու ծրագրի մի քանի կարեւոր բաղադրիչների։
«Մեր համագործակցության շարունակությունն է այս ծրագիրը», – ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը եւ ընդգծել. «տարիների ընթացքում մեծացնելով բուժառուների խնամքի շրջանակը, ինչպես նաեւ առողջապահական քաղաքականության բարելավման եւ բուժանձնակազմի հզորացման ուղղությամբ կատարվող աշխատանքը՝ Հայաստանում ներդրել ենք նորարար լուծումներ, ինչպիսիք են` արհեստական բանականության միջոցով բուժառուի ակնահատակի դիագնոստիկան, տվյալների հավաքագրման ու վերլուծության առցանց շտեմարանի ստեղծումը, շարժական սարքերով գլիկոլիզացված հեմոգլոբինի ստուգման հնարավորությունը: Այս տարվանից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգ. ներդրվում է դիաբետի դպրոցների ստեղծման համակարգված մոտեցում եւ այլն»։
«Շատ արդյունավետ է համագործակցությունը: Հատկապես՝ կարեւոր էր, որ ստեղծեցինք դիաբետի ազգային ռազմավարությունը եւ գործողությունների պլանը, իսկ այս նոր ծրագրով կկարողանանք միասին իրականացնել առանցքային մի շարք միջոցառումներ». – նշել է ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Նորա Փահլեւանյանը:
«Հայաստանում դիաբետի ազգային ռազմավարության իրականացում եւ կուրության կանխարգելում» ծրագրի շրջանակում Երեւանում եւ բոլոր մարզերում, առաջնային օղակում 2024-2027 թվականներին կիրականացվեն ակնային զննումներ, աչքի լազերային բուժում, առաջին անգամ կանցկացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգի ծրագիր, անհրաժեշտության դեպքում` պացիենտները կուղղորդվեն վիրահատությունների:
Բացի այդ, սարքավորումներով կհամալրվեն մարզային բուժհաստատությունները, կկազմակերպվեն բուժաշխատողների վերապատրաստումներ, կմշակվեն դիաբետի եւ դրա բարդությունների վարման կլինիկական ուղեցույցներ, մարզերում կհիմնվեն դիաբետի դպրոցներ:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՎԶԵԲ-Ի ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԸ
ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը հեղինակել է կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը:
Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ՎԶԵԲ-ի 33-րդ՝ տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը, նշենք նաեւ, որ միջոցառումն անցկացվում է Երեւանում։ Այն Հայաստանում անցկացված ամենամեծը կլինի իր տեսակի մեջ, իսկ վայրի ընտրությունը խորհրդանշում է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին եւ կովկասյան տարածաշրջանին:
«Բացման արարողության համար ստեղծվել է այնպիսի երաժշտություն, որը ուղեկցվում է մեր պատմական տարբեր փուլերի մասին պարային համարներով, տեսալուսային շոուով։ Արարողությունն իրականացնում է Background Production-ը, եւ ես ու Տիգրան Կուզիկյանը մեր թիմով՝ Berberyan Productions Studio-ով, անսահման ուրախ ենք կրկին աշխատել պրոդյուսեր Վազգեն Պողոսյանի եւ Նաիրե Ստեփանյանի հետ՝ նման պատասխանատու նախագծի շրջանակում։ Այս նախագծի շրջանակում մենք ամբողջ թիմով ներկայացնում ենք մեր երկիրը, եւ պետք է պատվով ցուցադրենք մեր հարուստ մշակույթի ողջ ներկապնակը՝ նոր ստեղծված երաժշտության միջոցով՝ հատուկ գրված գալա համերգի համար». – նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ երաժշտության երգչախմբային հատվածները կատարում է «Հովեր» երգչախումբը՝ ի դեմս Սոնա Հովհաննիսյանի:
Կոմպոզիտորը նաեւ համագործակցել է թավջութակահար Միքայել Նավասարդյանի հետ, որը եւս կկատարի նոր ստեղծագործություն՝ գրված թավջութակի եւ լարային նվագախմբի համար։ Բերբերյանը եւ Ստեփանյանը նաեւ անդրադարձել են մեր ավանդական պարերին, ու բեմադրության ընթացքում արտերկրի հանդիսատեսը կունկնդրի մեր երաժշտական գործիքների ուժն ու ոգին։ Համագործակցել են նաեւ «Բերդ» պարային անսամբլի հետ՝ ի դեմս ղեկավար Կարեն Գեւորգյանի։

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը, պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։
Հայաստանի Հանրապետության ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների եւ առեւտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի եւ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։

Ի՞ՆՉ Է «ԶԱՐԳԱՑՆՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ
Նախկինում բենզալցակայանում վառելիքի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածահարույց աճուրդներով, շուկայականից զգալի ցածր գներով հողամասեր է օտարում, վարձակալությամբ հանձնում՝ Երեւանի, Վանաձորի, Իջեւանի բնակիչներին։ Հիմա էլ ՔՊ-ական համայնքապետը Երեւանի բնակչուհուն հողամաս է վարձակալության հանձնել, որպեսզի նա Դիլիջանում բանջարաբուծություն զարգացնի։ Դիլիջանի համայանքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի՝ 2024թ. ապրիլի 3-ի թիվ 437-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 6-ին վարձակալության իրավունքի մրցույթի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 3108 քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով (ԼՈՏ-1(Վ-24), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց (թիվ 22/1 հասցեի), 25 տարի ժամկետով, 310800 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով: Կայացած մրցույթում 326.340 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Մանթաշյան փողոց, 12 շենք, թիվ 24 բնակարանի բնակիչ Լիդա Սարգսյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 1 արձանագրությունը: Մայիսի 13-ին համայնքի ղեկավար Դ. Սարգսյանը որոշել է 3108քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Երեւան քաղաքի բնակիչ Լիդա Սարգսյանին:

ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ՝ ԳԱՂՏՆԻ
Ովքե՞ր են Տավուշի մարզպետարանի տեխնիկական, սպասարկող անձնակազմի անդամ չհանդիսացող այն 2 պաշտոնյաները, որոնք բարձրագույն կրթություն չունեն. նրանք ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, այդ պաշտոնները զբաղեցնելու համար բուհի դիպլոմ չունենալը խոչընդոտ չէ՞ արդյոք: Մեր այս հարցադրմանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը անորոշ պատասխան է տվել. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող 2 աշխատակցի մասով տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս