Հունիսի 1-ից 2-ը Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործադիր կոմիտեի և Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի համատեղ նիստը`hամահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին ՀԽՀԿ գործկոմի նախագահ Ի․ Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Վրեժ Շա րոյանը (Սիրիա), ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը, ինչպես նաև գործկոմի անդամներ աշխարհի տարբեր երկրներից։
Սա գործկոմի անդամների առաջին այցն էր Ջերմուկ, որտեղ 2025 թ․ փետրվարին անցկացվելու են ձմեռային երկրորդ խաղերը։
Նիստի օրակարգում ներառված էին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքներին վերաբերող հարցեր։
ՀԽՀԿ նախագահ Ի․ Զաքարյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հետ կապված մինչև այս պահը կատարված աշխատանքները։
Ի․ Զաքարյանը տեղեկացրեց, որ դեռևս 2023-ի սեպտեմբերի 22—ի N 1625 –Ա որոշմամբ Կառավարությունը հաստատել է խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի կազմը։ Կազմկոմիտեն մի քանի աշխատանքային հանդիպումներ և նիստեր է անցկացրել, այդ թվում՝ Ջերմուկում։ Գնահատվել և գույքագրվել են քաղաքում ձմեռային մարզաձևերի անցկացման ենթակառուցվածքների(ճոպանուղի, վազքուղիներ, սահադաշը և այլն) տեխնիկական վիճակը, քաղաքում և հարակից տարածքներում՝ հյուրանոցային և հյուրատնային հնարավորությունները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Զաքարյանի փոխանցմամբ , ինչպես նախորդ խաղերում, այս անգամ ևս կառավարական կազմկոմիտեն համապատասխան մարմիններին հաձնարարել է լուծել Հայաստան ժամանող մասնակիցներին մուտքի արտոնագրերի պետական տուրքից ազատման հարցը, իսկ խաղերի կազմակերպման համար ներմուծվող ապրանքները դիտարկել որպես բարեգործական։ Խաղերի մասնակիցների և պատվիրակությունների անդամների անձնական օգտագործման իրերի ներմուծումը կազմակերպել պարզեցված ընթացակարգով, խաղերի մասնակիցների համար օդանավակայանում և սահմանային անցման կետերում առանձնացնել հատուկ պատուհաններ և այն։ Վայոց Ձորում և Երևանում նախատեսել առողջապահական կենտրոններ, խաղերի մասնակիցներին սպասարկելու համար։
Ջերմուկում ձմեռային խաղերի օրերին կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ՝ մասնակիցների և հյուրերի համար։
«Համապաատասխան հանձնարարականները տրված են նաև բոլոր կառույցներին։ Վստահ ենք, որ 2025 թվականի փետրվարին կունենանք հրաշալի խաղեր։ Իսկ Ջերմուկն ի դեմս քաղաքային ու մարզային ղեկավարության, պատրաստ է սիրով հյուրընկալել մասնակիցներին ու զբոսաշրջիկներին՝ դառնալով ձմեռային 2-րդ խաղերի մայրաքաղաքը», -ընդգծեց Ի․ Զաքարյանը։
«Ձմեռային երկրորդ խաղերը կլինեն ամենագեղեցիկը պատմության մեջ՝ բացման և փակման արարողություններով, բուն խաղերով, Ճիշտ է Ձմեռային խաղերն իրենց մասշտաբով տարբերվում են ամառայինից, սակայն անելու ենք ամեն ինչ դրանք լավագույնս անցկացնելու համար»,- իր հերթին վստահեցրեց կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ քաղաքում կատարվում են մեծ ներդրումներ, որոնք կնպաստեն հյուրերին ըստ պատշաճի ընդունել։
Նկատենք՝ համահայկական ձմեռային խաղերի մարզաձևեր են՝հոկեյը, լեռնադահուկը, սնոուբորդը, դահուկավազքը, շախմատը և
սպորտային պարերը։
Նիստից հետո Ջերմուկի քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին քաղաքում, մասնավորապես այն վայրերում, որտեղ նախատեսվում է անցկացնել բացման և փակման հանդիսավոր արարողությունները և մրցումային խաղերը, ծանոթացան ենթակառուցվածքներին ու քաղաքում ընթացող աշխատանքներին: