ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է 2024թ. մայիսի 27-ին Երեւան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու եւ այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթեւեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին՝ ճանապարհի երթեւեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, վերջիններիս կողմից չի կատարվել:
Այդ ժամանակ տվյալ տարածքում է գտնվել նաեւ Երեւան քաղաքի 54-ամյա բնակիչը, ով, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող:
Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին եւ ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը եւ այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Նշված անձը տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ, կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոնը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Տավուշում սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին որոշումից հետո բազմաթիվ քաղաքացիներ շտապել էին Կիրանց եւ Ոսկեպար: Մայիսի 4-ին տեղում ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը ղեկավարում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ում եկեղեցական սպասավորությունն այս պահին սառեցված է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը շարժվեցին դեպի Երեւան: Մայիսի 9-ին Երեւանում կայացած բազմահազարանոց հանրահավաքին հաջորդել են անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվում, նրանց նկատմամբ կիառվում է բռնություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՎԱՃԱՌՔ՝ «ՏԵԼԵԳՐԱՄՈՎ»
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է։
ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երեւան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21-ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ…» էջի օգտատիրոջ հետ եւ պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երեւան քաղաքի տարբեր հատվածներում։
Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի եւ Կոտայքի մարզերից ապօրինի ձեռք է բերել եւ պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված 112 փաթեթ։ Դրանցից 1-ը հայտնաբերվել է 2024թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ երիտասարդի անձնական խուզարկության, իսկ 111 փաթեթները՝ վերջինիս պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՕԴԱԿԱՅԱՆՈՒՄ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 29-ին Թբիլիսի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել եւ գծային բաժին է տարվել 23-ամյա Անտոն Պ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 30-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հասարակական կարգի կոպիտ խախտման կամ մասնակցության կազմակերպման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ դատախազությանը:
ՕՆԼԱՅՆ ԳՈՒՄԱՐ ՇՈՐԹԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ
Հայաստանում եւ Ուկրաինայում ձերբակալվել է չորս մարդ, ավելի քան 100 ինտերնետային սերվեր անջատվել կամ խափանվել է հազարավոր մարդկանց վնաս պատճառած միջազգային կիբեռհանցագործութան դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ Եվրոպոլին հղումով։
Գործողությունը, որն իրականացված մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Եվրամիության իրավապահ գործակալության կողմից որակվել է որպես «երբեւէ ամենամեծ գործողությունը բոտցանցերի դեմ, որոնք առանցքային դերակատարում ունեն գումարի շորթման ծրագրերի տեղակայման գործում»: Բոտցանցերը ներառում են IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ն, Pikabot-ը եւ Bumblebee-ն:
Ձերբակալություններից մեկը կատարվել է Հայաստանում, իսկ մյուս երեքը՝ Ուկրաինայում, հայտնում է Եվրոպոլը՝ հավելելով, որ ավելի քան 2000 դոմեն այժմ գտնվում է իրավապահների վերահսկողության տակ։ Չարամիտ ծրագրերը թույլ են տալիս կիբեռհանցագործներին վատ նպատակներով գաղտնի միանալ մարդկանց համակարգիչներին: Ըստ քննիչների՝ գլխավոր կասկածյալներից մեկը կրիպտոարժույթով հափշտակել է առնվազն 69 միլիոն եվրո (75 միլիոն դոլար)՝ վարձակալելով հանցավոր ենթակառուցվածքի կայքեր՝ գումարի շորթման ծրագրեր տեղադրելու համար:
Գործողությունը, որը կոչվել է «Վերջնախաղ», նախաձեռնել եւ ղեկավարել են Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդերլանդները: Դրան մասնակցել է մի քանի այլ երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ուկրաինան, ասվում է Եվրոպոլի հայտարարության մեջ:
«Միջազգային «Վերջնախաղ» գործողության միջոցով մեր քննչական մարմիններին հաջողվել է կիբեռհանցագործությանը հասցնել մինչ օրս ամենամեծ եւ ամենակարեւոր հարվածը», – ասվում է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերի հայտարարության մեջ:
Ոստիկանության երկարատեւ հետաքննությունը խաթարել է ենթակառուցվածքը, «որից ամբողջ աշխարհում իրականացվում են գումարի շորթմամբ զանգվածային հարձակումները, որոնցում տվյալները հավաքվում են, ծածկագրվում, այնուհետեւ զոհերը շանտաժի են ենթարկվում», – ասել է Ֆեյզերը՝ հավելելով, որ նման հանցագործությունը զգալի տնտեսական վնաս է հասցրել Գերմանիային։