ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 20-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդների եւ հանրահռչակելու Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի շնորհիվ երաժշտական աշխարհին ճանաչելի են դարձել բազմաթիվ երաժիշտներ, որոնք գրավել են լավագույն բեմերն ու հանդես են գալիս ամենահեղինակավոր նվագախմբերի հետ։

Այս տարի մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրի 20 ջութակահարներ։ Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Ճապոնիան, Չինաստանը, ՌԴ-ն, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆրանսիան, Հայաստանը, Պորտուգալիան։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը մրցույթի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ մասնակից 20 երաժիշտներն արդեն իսկ իրենց նվագացանկերում ընդգրկել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, քանի որ դրանք ներառված են մրցույթի պարտադիր ծրագրում։ Հիմնադրամի ղեկավարը ներկայացրեց ստուգատեսի ժամանակացույցը, մասնավորապես՝ առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին եւ 8-ին, երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին եւ 10-ին, երրորդ փուլը՝ հունիսի 11-ին եւ 12-ին։ Իսկ ահա հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները, եւ տեղի կունենա պարգեւատրման արարողությունը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասուլիսում տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը պայմանավորված է ստուգատեսի որակի ու հեղինակության բարձրացման հետ։ Նա նաեւ նշեց, որ 8000-ից ավելի երաժիշտ աշխարհի տարբեր բեմերում կատարում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, եւ այստեղ մեծ դեր է կատարում Խաչատրյանի անվան մրցույթը։
20-րդ հոբելյանական մրցույթի գլխավոր աջակիցն է Երեւանի քաղաքապետարանը։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը կարեւորեց Երեւանում անցկացվող մշակութային իրադարձությունները։ Ըստ նրա՝ այս օրերին Խաչատրյանի երաժշտությունը տասնյակ երիտասարդ ջութակահարների համախմբել է մեր մայրաքաղաքում, եւ մրցույթի շնորհիվ նրանք ծանոթանում են Հայաստանին, Երեւանին, մեր մաշութային ժառանգությանը։
ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր խոսքում ասաց, որ նախարարության նպատակներից է հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն աշխարհում, եւ նման միջազգային միջոցառումները նպաստում են այդ նպատակի իրականացմանը։ Տիկին Սահակյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը 20 տարիների ընթացքում եղել է մրցույթի կողքին, եւ համագործակցությունը կազմակերպիչների հետ այս տարիների ընթացքում եղել է արդյունավետ։
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադեւոսյանը, մրցույթի մասնակիցներին հաջողություններ մաղթելով, խորհուրդ տվեց ելույթ ունենալիս լինել ազատ, չմտածել մրցակցության մասին, այլ գերագույն հաճույք ստանալ իրենց կատարումից։ Նա նաեւ նշեց, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ կարեւոր է կատարումը եւ այն ուղերձը, որ ելույթի միջոցով երաժիշտը փոխանցում է ունկնդրին. «Մի՛ նվագեք այնպես, ասես վերջին անգամ եք նվագում, լավագույնը դեռ առջեւում է»։
Ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ վիճակահանություն, որի միջոցով որոշվեց մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հաջորդականությունը։
Մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները այցելեցին նաեւ Կոմիտասի անվան պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։
Երեկոյան արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարեւոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երեւանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՃԱՄԲԱՐ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 3-ից մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ամառային ճամբարը: Այն կգործի ամռան երեք ամիսներին, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:

Ամառային ճամբարը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները կմասնակցեն ինտերակտիվ, հետաքրքրաշարժ եւ ժամանցային դասընթացների՝ հնարավորություն ստանալով ամառային արձակուրդներն անցկացնել առավել հետաքրքիր եւ հագեցած, ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ եւ նոր ընկերներ:
Ամառային ճամբարի օրերին երեխաները գրադարանում կմասնակցեն գրքերի ընթերցումների, քննարկումների, կդիտեն մուլտֆիլմեր եւ կունկնդրեն հեքիաթապատումներ, կծանոթանան աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերին ու մշակութային ժառանգությանը:
Երեխաների համար կկազմակերպվեն նկարչության, շախմատի, ասեղնագործության դասեր, անգլերեն ու ռուսերեն ինտերակտիվ պարապմունքներ, ցանկության դեպքում հնարավորություն կունենան կատարել դպրոցական հանձնարարությունները:
Ծրագրի շրջանակում կկազմակերվեն նաեւ ճանաչողական այցեր եւ էքսկուրսիաներ Երեւանի կրթամշակութային հաստատություններ, թատրոններ եւ թանգարաններ։

ԽԱՂԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ 50 ՕՐԻՑ
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռեւս ունի 12 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձեւում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10 հազարը: Այս Խաղերում նոր մարզաձեւ է լինելու բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձեւերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում եւ այլն: Այս Խաղերում կաշխատի մոտ 45 հազար կամավոր աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաեւ Օլիմպիական խաղերի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների եւ ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության եւ ազատության խորհրդանիշ:

ԿԳՈՏԵՄԱՐՏԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում:
Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ: Ընդ որում, Թեւանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ: Մեկնարկում տարած հաղթանակից հետո Թեւանյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Բոլկվաձեի հետ մրցմանը եւ դուրս եկել եզրափակիչ, իսկ Անդրեասյանը եզրափակիչ է դուրս եկել՝ հաղթելով Կեմերտելիձեին:
Մեկնարկում տարած հաղթանակից հետո Արսեն Հարությունյանը 7:3 հաշվով առավելության է հասել իրանցի Խոսրավիին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Ժումաշբկովի հետ:




Լրահոս