ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ հայտի դարձավ, որ հակակռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների կաշառքի գործով: Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի` Շահեն Անդրանիկի Պետրոսյանը՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ եւ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Քնարիկ Նորիկի Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց իշխանական եւ ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Աշոտ Սերգեյի Պետրոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարական թույլտվություն տրամադրելու եւ գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար 2023 թվականի հունիսի 30-ին Աշոտ Պետրոսյանից պահանջել են 80.000 ՀՀ դրամ կաշառք, որը վերջինս 2023 թվականի հուլիսի 3-ին անձամբ փոխանցել է Շահեն Պետրոսյանին։

Բացի այդ, Շահեն Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Արթուր Նշանի Կչրյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ արտադրական նշանակության շենքի կառուցման շինարարական աշխատանքների թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կազմելու եւ Երեւանի քաղաքապետարան փոխանցելու համար, 2023 թվականի ընթացքում Արթուր Կչրյանից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.100.000 ՀՀ դրամ կաշառք։
Բացի այդ, Շահեն Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Արթուր Սարգսի Մելքոնյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Երեւան քաղաքի Շարուրի օժանդակ տնտեսության տուն 34 հասցեում կառուցված ավտոտնակի եւ պարսպի շինարարական աշխատանքների ավարտական ակտերի տրամադրման գործընթացը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար, 2023 թվականի ընթացքում Արթուր Մելքոնյանից պահանջել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 300.000 ՀՀ դրամը նախապես, ապա 2023 թվականի հունիսի 30-ին եւս 400.000 ՀՀ դրամ կաշառքը վերջինս փոխանցել է Շահեն Պետրոսյանին, ինչից հետո պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ 1.000.000 ՀՀ դրամ կաշառքի մնացած մասը փաստաթղթերը տրամադրելուց հետո փոխանցելու վերաբերյալ։
Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Երեւանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան նրբանցքի 20-րդ տան հասցեի բնակիչ Սամվել Կարապետի Փախանյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից Սամվել Փախանյանի օգտին ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի 94/45 հասցեում գտնվող հողատարածքում պարսպի եւ երեք դարպասների կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի մայիսի 22-ին Սամվել Փախանյանը Շահեն Պետրոսյանին մեկ ամիս ժամկետով լիազորել է լինել իր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարանում, վարչական շրջանում եւ այլ կազմակերպություններում, ինչպես նաեւ ներկայացնել դիմումներ եւ կից փաստաթղթեր։
Ստանալով կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը՝ Շահեն Պետրոսյանը ձեռնամուխ է եղել նշված առաջադրանքի եւ այլ փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման եւ հաշվառման գործընթացին, ինչպես նաեւ Սամվել Փախանյանին թույլատրել է առանց համապատասխան քաղաքաշինական թույլտվությունների կատարել պարսպի հիմքի բետոնապատման աշխատանքներ, իսկ 2023 թվականի հունիսի 19-ին Սամվել Փախանյանին տրվել է թիվ 01/18/07/1-Պ-66130-354 նախագծման թույլտվությունը։
Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Հովսեփ Արթուրի Գյոնջյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից Հովսեփ Գյոնջյանի օգտին ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Արթուր Գյոնջյանին անվամբ որպես սեփականություն հաշվառված, փաստացի իր կողմից տնօրինվող՝ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ագեգործական տարածքի 22-րդ փողոցի 82/28 հողամասում բնակելի տան, լողավազանի եւ պարսպի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի հուլիսի 18-ին կատարված երկու բանկային փոխանցումների միջոցով Հովսեփ Գյոնջյանից ստացել է ընդհանուր 199.600 ՀՀ դրամ, որից հետո ձեռնամուխ է եղել նշված առաջադրանքի եւ այլ փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման եւ հաշվառման գործընթացին, ինչի արդյունքում 2023 թվականի հուլիսի 18-ին նրան տրամադրել է թիվ 22/01-Դ84550 նախագծման, իսկ 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ թիվ 22/01-Դ100125 շինարարության թույլտվությունները։
Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Արմեն Աշոտի Հովակիմյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից նրա օգտին ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Արմեն Հովակիմյանին պատկանող անշարժ գույքի տարածքում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 405.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի հունիսի 19-ին եւ 28-ին կատարված բանկային փոխանցումների միջոցով ստացել է հիշյալ չափով կաշառքի գումարը, որից հետո ձեռնամուխ է եղել նշված փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման եւ հաշվառման գործընթացին։

ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՊՆ-ԻՆ
Շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջիններս պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի: Հիշեցնենք, որ 2022 թվականին կալանավորվեց 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում նա անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետեւանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր եւ վիրավորներ։
Ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը:

ՎԵՃԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ
Մայիսի 29-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ Կոշ գյուղից բուժօգնության է տեղափոխվել դանակահարված մի երիտասարդ: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ էր մեկնել Կոշ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի քրեական հետախույզները պարզեցին, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում, Կոշից Ավան գյուղ տանող ճանապարհին ճանապարհը չզիջելու եւ ձայնային ազդանշան տալու հետ կապված վեճ է ծագել Կոշ գյուղի երկու բնակչի միջեւ, որոնցից մեկն էլ իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել 20-ամյա երիտասարդին:
Բացատրական աշխատանքի ադյունքում հունիսի 7-ին 22-ամյա դանակահարողը եկել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին է տարվել 36-ամյա Համլետ Զ.-ն, որը ապրիլի 30-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ դատախազությանը:




Լրահոս