«Բնակիչները շատ գումար են ուզում, մի մասը չի ուզում վաճառել»․ «Արագած» ներդրումային ծրագիրն օդում կախված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Ապարան-Երևան մայրուղին։

Բնակիչները բողոքում են ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերական շահ ճանաչելու դեմ։

Վերոնշյալ որոշմամբ՝ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտնել է, որ ճանապարհն արդեն բաց է, իսկ պատճառը բնակիչների և «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջև անհամաձայնությունն է։

«Ինչ-որ կոնկրետ բան դեռ չենք որոշել, կքննարկենք կհասկանանք, փաստաթղթերը կբերեն, դատարանի որոշումների հետ կապված կհասկանանք ինչ ենք անում։ Բնակիչները գումարը շատ են ուզում, իսկ  կազմակերպությունն էլ ուզում է ֆիքսված գումարը տալ, որը քիչ է բնակիչների պահանջածից։ Ֆիքսված գումարը տարբեր է, մինչ 300 դրամի կարգի է հողի գնահատված արժեքը։ Բնակիչները տարբեր բաներ են ուզում, շատ գումար, մի մասը չի ուզում վաճառել։ Հողի կադաստրային արժեքն ավելի էժան է, սա գնահատված արժեքն է»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արագածոտնի մարզպետը։

Ըստ Կառավորության ընդունած որոշման՝ սահմանվել է, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի (Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրեր) տարածքում շուրջ 110 հա ընդհանուր մակերեսով հողամասում։ Ըստ մարզպետի՝ բանկիչները, բացի ֆինանսական պահանջից, այլ պահանջ չեն ներկայացրել մարզպետին։

Հիշեցնենք, որ Վարդենուտ գյուղի բնակիչների կողմից 2024 թվականի մարտի 10-ին ևս փակել էին մայրուղին, նրանք պահանջում էին դադարեցնել ընկերության կողմից Արագածի էկո-հագստավայրի կառուցումը, որի նախագծով գյուղի տարածքում լեռնադահուկային կոմպլեքս և ճոպանուղի է ստեղծվելու։

Նշենք, որ «ՌԻԴ» ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին։ Որոշումն ընդունելուց 4 ամիս անց, սակայն, նախագծի վերաբերյալ կրքերը թեժացել են։

Լրատվամիջոցներում հայտարարություն տարածվեց, որ «ՌԻԴ» ՍՊԸ–ի գլխավոր մրցակցի` մրցույթում պարտված «Արագեյթի» գործընկեր ֆրանսիական Société des 3 Vallées-ի (Սոսիետե դե թղուա վալեն) տնօրեն Պասկալ դը Տիերսանթը հայտարարում է, թե կասկածում է մրցույթի անաչառության վրա։ Տնօրենն ասել է` զարմացել է, երբ տեսել է «ՌԻԴ» ընկերության լեռնադահուկային հատվածի նախագիծը, որն «ընդամենը մի թղթի կտոր էր»։ Ի պատասխան «ՌԻԴ» ընկերությունն արդեն իսկ հերքում է տարածել` նշելով, որ իրենց նախնական նախագիծը եղել է 120 էջ։ Բացի այդ, ներկայացվում է, որ Պասկալ դը Տիերսանթի ներկայացրած կազմակերպությունը զբաղվում է Ֆրանսիայի որոշ լեռնադահուկային հանգստավայրերի տոմսերի վաճառքով:

Ապարան համայնքից սույն որոշմամբ նախատեսված հողամասերի առաջին հողակտորի ձեռքբերման իրականացման պահից սկսած յոթ տարին, և ծրագրի մեկնարկի մասին Ապարան համայնքը և ընկերությունը մեկնարկին հաջորդող 7 օրվա ընթացքում ծանուցում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և տալիս համաձայնություն։ Սակայն որոշումից անցել է մեկ տարի և 3 ամիս, սակայն «ՌԻԴ» ՍՊԸ-ն այդպես էլ չի սկսել շինարարական որևէ գործողություն, քանի որ հողի սեփականաշնորհման և ձեռք բերման հարցերի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել։

Էմմա Միքայելյան




Լրահոս