Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։
Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.
• ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,
• գտնվում են գյուղական վայրում,
• պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
• ունեն առնվազն 5 սենյակ։
Դրամաշնորհային մրցանակի առավելագույն չափը 1.500.000 ՀՀ դրամ է։
Հաղթողները պարտավորվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը և այլն։
Հաղթողները պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:
Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի ս.թ. սեպտեմբերի 1-ին։
Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։
Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն իսկ ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետևյալ հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Առաջիկայում կհայտարարվի նաև ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: