ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ եւ գեղանկարիչ, եռաչափ եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

Հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման արարողությունը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թ. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, եւ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261 հազար դրամ՝ իրականացնելու տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են մեծ վարպետի ժառանգության հանրահռչակմանը:
«Երվանդ Քոչարի հսկայական ժառանգությունը հանրահռչակման կարիք ունի եւ՛ Հայաստանում, եւ՛ միջազգային հարթակներում, եւ այս առումով բազմաթիվ անելիքներ ունենք: Ուզում եմ ընդգծել, որ հոբելյանական միջոցառումներն արդեն շատ վաղուց ձեռք են բերել ռազմավարական նշանակություն: Սա հնարավորություն է կենտրոնացված ուժերով եւ համատեղ ջանքերով իրականացնելու տարբեր ծրագրեր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ նշելով, որ նախատեսված ծրագրերը ներառում են ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, հեռուստատեսային ֆիլմաշար Երվանդ Քոչարի մասին, հայ- ֆրանսիական համատեղ նախագիծ նրա ժառանգության վերաբերյալ, գովազդային արշավներ, միջոցառումներ միջազգային հարթակներում եւ այլն: Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է, որ հոբելյանական միջոցառումների օրակարգը մեկնարկելու է վաղվանից՝ «Քոչար ֆեստ» ծրագրով:
«Առանձին հետաքրքիր ծրագրեր են նախատեսված նաեւ՝ նվիրված Քոչարի քանդակներին: Հնարավոր է հետաքրքիր անակնկալ մատուցենք մեր քաղաքացիներին»,- փակագծերը չի բացել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա նաեւ Կենտրոնական բանկի թողարկած ոսկեդրամի շնորհանդեսը: ԿԳՄՍ փոխնախարարն առանձնակի ընդգծել է մարզային ծրագրերի առկայությունը, ինչին հատուկ կարեւորություն է տրվել՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով:
Եզրափակելով խոսքը՝ նա հույս է հայտնել, որ հոբելյանական տարին արդյունավետ կօգտագործվի իրական հաջողությունների հասնելու եւ հնարավորինս հանրահռչակելու Երվանդ Քոչար արվեստագետին, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նաեւ թանգարանի այցելությունների թվի աճի վրա:
Աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին եւ նորարարին Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եւ ԿԳՄՍ նախարարությանն աջակցության եւ լայնածավալ միջոցառումներով Քոչարին հանրահռչակելու ջանքերի համար:
«Երվանդ Քոչարն այն արվեստագետն է, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ:
Նրա ժառանգությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ուշագրավ երեւույթներից է. Քոչարը 1923-1930 թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել եվրոպական ավանգարդի ստեղծման գործում:
Հայաստան վերադառնալով՝ նա իր հետ բերել է ժամանակակից արվեստը՝ կոտրելով սոցիալիստական ռեալիզմի կաղապարները եւ հաստատել արվեստագետի ազատ եւ անկաշկանդ ստեղծագործելու իրավունքը:
Կարծում եմ՝ մեր պետության եւ թանգարանի համատեղ ջանքերով աշխարհը նորովի կբացահայտի Քոչար արվեստագետին եւ նորարարին, որը Հայաստանին եւ աշխարհին նվիրել է քարի, մետաղի եւ կտավի վրա ամրագրված մարդասիրության քարոզի հիասքանչ նմուշներ»,- ասել է Կարինե Քոչարը:

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿԲԱՑՎԻ Ա. ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄՈՎ
Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։

Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»:
Նշենք նաեւ, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից:
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

ՄԻԱՑԵԼ Է «ՆՈԱՅԻՆ»
Երեւանի «Նոային» է միացել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին։ 20-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում։ «Նոա» ՖԱ ամբողջ անձնակազմը բարի գալուստ է մաղթել երիտասարդ դարպասապահին:
«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի եւ նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում», – թիմի նորեկի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ
27-ամյա ալբանացի հարձակվողը կարիերան սկսել է ալբանական «Վլազնիայում»: 2018 թվականին տեղափոխվել է Տիրանայի «Պարտիզանի», որի կազմում 2018/19 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն։ Տիրանան ներկայացնող այս թիմում Չինարին 3 մրցաշրջանում անցկացրել է 75 խաղ ու դարձել 24 գոլի հեղինակ։
«Պարտիզանիից» հետո ալբանացի հարձակվողը 2 մրցաշրջան անցկացրել է «Սամսունսպորում»: Մեր նոր մարզիկը «Նոա» է տեղափոխվում հյուսիսմակեդոնական «Շկենդիայից»։

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է
Աշխարհի 74-րդ ռակետ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մեծ Բրիտանիայի Իսթբորնում (Մեծ Բրիտանիա) ընթացող WTA-500 մրցաշարի որակավորման եզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակչի խաղում հայ թենիսիստուհին երկու սեթում 7:6 (7:1), 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 68-րդ ռակետ, դանիացի Կլարա Տաուսոնին։
Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 18 րոպե։
Մրցաշարի գործող չեմպիոնն ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսն է։

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ «ՌԵԱԼ»-Ի ՆՈՐ ԱՎԱԳԸ
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այս մասին հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը:
Աղբյուրի տեղեկություններով՝ աջ պաշտպան Դանիել Կարվախալը կդառնա մադրիդյան ակումբի փոխավագը։ Երրորդ ավագը կդառնա պաշտպան Լուկաս Վասկեսը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաչոն այս ամառ կհեռանա «Ռեալից»։
Ավելի վաղ հաղորդվում էր նաեւ, որ Մոդրիչը եւս մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։




Լրահոս