Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է` չի գործել։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ Վալերի Քոչարյանի դուստր Իրինա Քոչարյանի հետ, որը հաստատեց Հիմնադրամի չգործելու փաստը։
«Հիմնադրամը գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի եւ հիմնադրվել է իմ կողմից՝ հորս մահից հետո։ Հիմնադրամը գործել է անձնական միջոցներից՝ առանց այլ հիմնադրամների կամ կազմակերպությունների ներգրավման։ Վերջին տարիներին առողջությունս խիստ վատացել է, ինչն ազդել է թե՛ կյանքիս որակի վրա, թե՛ համապատասխանաբար՝ աշխատանքիս վրա։ Այդ իսկ պատճառով ես ստիպված էի սառեցնել հիմնադրամի գործունեությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Իրինա Քոչարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր նաեւ, որ փակվել է Իրինա Քոչարյանին պատկանող «Գալաթեա» բժշկական կենտրոնի գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Իրինա Քոչարյանը կրկին հաստատող պատասխան տվեց։
«Հիմա չի գործում, հուսով եմ՝ ժամանակավորապես։»
ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։ Մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։ 2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։ Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։ Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։ ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։ Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո եւ գրեթե 1 մլն 800 հազար դրամ։ Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մանրամասները՝ ArmLur.am կայքում:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ, հիմա էլ նույն ջանասիրությամբ փորձում է քանդել Իսրայելի հետ հարաբերությունները: Նախ իսրայելա-պաղեստինյան գերլարված հարաբերությունների ֆոնին՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը, ինչից հետո Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ պաշտոնապես հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանում, ավելի կոնկրետ՝ «Մարիոթ» հյուրանոցում պետք է Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառում լիներ, որին հրավիրված էին նաեւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անակնկալ կերպով չեղարկվել է միջոցառման կայացումը: Նշենք, որ ընդամենը օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալն էր ստեղծել նաեւ Բելառուսի հետ՝ հայտարարելով, որ ինքը եւ Հայաստանից որեւէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, լծված է այլ երկրների հետ հարաբերությունները փչացնելու գործին:
Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։ Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։ Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թեւոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։ Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ….