ՏԱՐԵՑՆԵՐԸ ՎԻՃԵԼ ԵՆ. ԿԱ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վեդի համայնքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետեւանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու մարմնական վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 71-ամյա հարեւանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, շենքի բակում երկու հարեւաններն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում 71-ամյա տղամարդը դանակով հարվածել է 62-ամյա հարեւանին՝ որովայնի շրջանում պատճառելով կտրած ծակած թափանցող երկու վերքի տեսքով մարմնական վնասվածքներ՝ սուր ներքին արյունահոսությամբ։
Բժշկական կենտրոնում տուժողը ենթարկվել է վիրահատության, որից ժամեր անց, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերեւույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 71-ամյա տղամարդը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Ձերբակալված անձի բնակարանի զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 71-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 15-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր եւ եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, եւ եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։
Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ տղամարդկանցից մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել «գլխուղեղային վնասվածք» ախտորոշմամբ։
Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեւավորվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված անհետաձգելի քննչական եւ վարութային միջոցառումների կատարմանը։ Մասնավորապես, եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։
Վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ կատարված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի 28-ամյա բնակիչը:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 2024թ. հունիսի 21-ին «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց՝ ավտոկայանատեղիների համար նախատեսված հատվածում, երկու եղբայրների եւ Երեւան քաղաքի 28-ամյա բնակչի միջեւ տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցնելով փայտյա մահակը՝ դրանով մի քանի հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելու որոշում։
Նախաքննությունը շարունակվում է:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՔԵՆԱՅԻՑ
Հունիսի 23-ի լուսադեմին՝ ժամը 05.36-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Շեւրոլե» մակնիշի մեքենայից կատարվել է գողություն:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Երեւանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտեցին թարմ հետքերով: Գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց եւ Մաշտոցի բաժին տեղափոխվեց Միկոյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ:
Տուժողից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ հունիսի 22-ի ժամը 22-ից հունիսի 23-ի ժամը 6-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված «Շեւրոլեի» լուսարձակները:

ԱՐԱԲԿԻՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԿՐԱԿՈՑ Է ՀՆՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։25-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցից հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել՝ «սրունքի առաջնային մակերեսի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ հրազենային վնասվածքը ստացել է Կ.Թ-ն, որը վնասվածքը ստացել է նշված հասցեում զենքի գնդակին մուրճով հարվածելու հետեւանքով։
Իրավապահները ստուգել են քաղաքացու հայտնած տեղեկությունը եւ պարզվել է, որ Կ.Թ.-ն իր կամքից անկախ հանգամանքերում հրազենով կրակոց է արձակել եւ ստացել վնասվածք։ Հրազենն առգրավվել է, որը եղել Է գազային ատրճանակ։

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիշա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ալկոհոլ օգտագործած վիճակում, 2023 թվականի դեկտեմբերի 30-ին զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել ահաբեկչության մասին սուտ տեղեկություն՝ իր կողմից Արտաշիսյան 46 ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցը պայթեցնելու վերաբեյալ:
Նա նախկինում դատապարտված է եղել:
Գրիշա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի մարտի 20-ին, մեկ տարի ժամանակով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտ վարել է «Օպել Աստրա» մակնիշի 36 ՈՐ 595 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ վթարի ենթարկվել, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1 ին սպայական վաշտի ՃՏՊ գործերի հետաքննության եւ ՎՎԻ խմբի ավագ տեսուչ Մարգար Գեղամի Մարգարյանի կողմից եւ կազմվել զեկուցագիր:
Գրիշա Գարիկի Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակվել էր պատիժ տուգանքի ձեւով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200.000 դրամ:




Լրահոս