Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան։
Նպատակադրվելով նույն եղանակով Հայաստանի Հանրապետությունում հափշտակություն կատարել՝ մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, անձանց մոտ վստահություն ստեղծելու եւ մոլորության մեջ գցելու նպատակով, միգրացիոն խորհրդատվություն եւ տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Սկզբնական շրջանում չկարողանալով հավաքագրել հաճախորդների՝ հիշյալ անձը 2021թ. գարնանը ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության մտացածին գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում` 2021թ. մայիսի 10-ից մինչեւ 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ գրասենյակ է այցելել ՀՀ քաղաքացի 70 անձ։
ԻԻՀ քաղաքացին, ներկայանալով իբրեւ Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, իբրեւ թե ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ԱՄՆ եւ Կանադայի դեսպանատների հետ համագործակցող անձ՝ ԱՄՆ եւ Կանադա մեկնելու համար վիզաներ ձեւակերպելու կեղծ պատրվակով հիշյալ քաղաքացիներից խարդախության եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումարի տարբեր արժույթներ եւ հափշտակել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
Նույն անձի կողմից նույն սխեմայով կատարված խարդախությամբ 86 այլ քաղաքացիներից ընդհանուր շուրջ 157մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործը, մեղադրական եզրակացությամբ, ավելի վաղ՝ 2022թ. դեկտեմբերին, ուղարկվել էր դատարան», – նշված է հաղորդագրության մեջ։
ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՀՀ ԱՆ-ԻՆ
ՌԴ-ում ցմահ ազատազրկվածի հարազատները դատի են տվել արդարադատության նախարարությանը՝ պահանջելով, որ Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող դատապարտյալ Գեղամ Ամիրի Անայանին (ծնված՝ 08.02.1987թ.) փոխանցեն Հայաստանի Հանրապետությանը՝ պատժի մնացած մասը այստեղ կրելու նպատակով:
2010 թվականին մամուլը գրել էր, որ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Ռուսաստանի Պերմ քաղաքում 23-ամյա հայաստանցի Գեղամ Անայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «երկու եւ ավելի անձանց կանխամտածված, շահադիտական նպատակներով սպանության եւ կողոպուտի, մեքենայությունների» համար: Քննության տվյալներով՝ 2007 թ.-ին Անայանը կապեր է հաստատել տուժած ընտանիքի` 20-ամյա երիտասարդի, նրա մոր եւ քրոջ հետ, որոնք զբաղվում էին ձեռնարկատիրական գործունեությամբ: Որոշելով կորզել նրանց գումարները` նա առաջարկել է զբաղվել համատեղ բիզնեսով եւ միասին 220 հազարական ռուբլի դնել գործի մեջ: Ստանալով նրանց փողերը` Անայանը որոշել է սպանել ընտանիքին: Նախ հանցագործն անտառ է տարել եւ սպանել երիտասարդին, ապա երկու կանանց, որոնց նա սպանել է հրացանով:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որ հուլիս 10-ին ներկայանան կենտրոնի դատարան, հարգելի պատճառով չներկայանալու դեպքում՝ նրանց բերման կենթարկեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։
2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել էր։ Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ»։
ՓՈՐՁԵԼ Է ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Գառնիկի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու փորձ, ինչպես նաեւ կաշառք տալու փորձի դրդչություն: Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի բնակչուհի Մերի Ռուբիկի Կարոյանը, աշխատանք չունենալու պատճառով, 2024 թվականի ապրիլ ամսվա սկզբին՝ քննությամբ չպարզված օրը, դիմել է իր ծանոթ՝ Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Գարիկ Գառնիկի Ղուկասյանին՝ իրեն աշխատանքի տեղավորելու խնդրանքով: 2024 թվականի ապրիլի 20-ին Գարիկ Գառնիկի Ղուկասյանը նշված հարցի կապակցությամբ «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով Մերի Կարոյանի հետ ունեցած գրագրության ընթացքում վերջինիս տեղեկացրել է, որ իրեն «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում որպես մատենավար աշխատանքի ընդունելու հարցի կապակցությամբ նշված բժշկական կենտրոնի իրավասու պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, եւ նշված աշխատանքին ընդունելու նպատակով, նույն օրը, իբրեւ թե որպես կաշառքի միջնորդ, Մերի Կարոյանից պահանջել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 196.300 ՀՀ դրամ: Այնուհետեւ, 2024 թվականի ապրիլի 21-ին Գարիկ Ղուկասյանը Մերի Կարոյանից պահանջել է իրեն անմիջապես տրամադրել աշխատանքի ընդունվելու համար առանձին փաստաթղթեր, ինչպես նաեւ իր կողմից նախապես պահանջված կաշառքի գումարի մի մասը՝ 20.000 ՀՀ դրամ՝ գումարի մյուս մասը հաջորդ չորեքշաբթի օրն իրեն փոխանցելու պայմանով:
Իր հերթին, Մերի Կարոյանը, Գարիկ Ղուկասյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խոստացել է փոխանցել վերջինիս կողմից պահանջված գումարը, սակայն, ցանկանալով հավաստիանալ, որ Գարիկ Ղուկասյանի հաղորդած տվյալները համապատասխանում են իրականությանը՝ իր ապագա աշխատանքի պայմաններին ծանոթանալու նպատակով վերջինիս հետ այցելել է «Վանաձորի բժշական կենտրոն» ՓԲԸ, որի արդյունքում Մերի Կարոյանը, գիտակցելով, որ Գարիկ Ղուկասյանն իրեն խաբում է եւ իրեն աշխատանքի տեղավորելու նպատակով «Վանաձորի բժշական կենտրոն» ՓԲԸ իրավասու որեւէ պաշտոնատար անձի հետ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել, հրաժարվել է կաշառքի միջնորդության պատրվակով իրենից պահանջված վերոնշյալ գումարը փոխանցել Գարիկ Ղուկասյանին, ինչի արդյունքում վերջինիս դիտավորության մեջ ընդգրկված վերոնշյալ հանցագործությանը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: