Հուլիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ, որոնց ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019 – 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։
Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել Ֆրանսիա, ծանոթացել աշխարհի ամենամեծ և ամենանորարարական մոնբելյարդ ցեղի բուծման ծրագիրն իրականացնող «Կուպեքս Մոնբելյարդ» ընկերության գործունեությանը, այս խոշոր եղջերավոր կենդանիների պահման առանձնահատկություններին և ընտրել երինջներին։
Այս ցեղն առանձնանում է բարձր մթերատվությամբ, վարում է արոտային կենսակերպ և դիմակայուն է Հայաստանի բնակլիմայական պայմաններին։
Սա ռազմավարական ներդրում է՝ ուղղված Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկական որակի և արտադրողականության բարելավմանը: