Պատճառը ջրատար խողովակների խափանումն էր․ ինչ իրավիճակ է Շենգավիթի կայարանում հեղեղից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղացած հորդառատ անձրևը մի աբսուրդային իրավիճակ էր ստեղծել Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանում։ Ուժեղ անձրևը հեղեղել էր Շենգավիթի կայարանը, իսկ ներսում գտնվող մարդիկ մի կերպ փորձում էին դուրս գալ ամբողջությամբ ջրի տակ անցած մետրոյի կայարանից։

ArmLur.am-ի հետ զրույցում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշում է՝ հեղեղի պատճառը ջրատար խողովակների խափանումն է եղել․

«Ծավալը մեծ է եղել ջրի, լավ հեղեղել է կայարանը, բայց շուտ կարգավորվել է խնդիրը։ Մետրոյի աստիճանավանդակի ներքևի հատվածում է եղել հեղեղը։ Մեր աշխատակիցներն էլ այնտեղ են եղել, բայց ֆիզիկական միջամտությո՞ւն է եղել, թե խողովակի խցանումն է բացվել, չեմ կարող ասել, կարող է մի պահ խողովակը խցանվի, հետո դա կարգավորվի ու նորից ջուրը նորմալ տանի։

Ամբողջ քաղաքի ջրերը հավաքվում են ու գալիս են Շենգավիթ, ամենացածրադիր հատվածն է, եթե Կենտրոնում կամ այլ վարչական շրջանում խցանում է լինում, ամբողջ կեղտը հետո Շենգավիթում է հավաքվել»։

Հարցին՝ ինքն անձամբ հեղեղից հետո գնացե՞լ է այնտեղ՝ հասկանալու իրավիճակը, և ինչ վնասներ են եղել՝ Շենգավիթի թաղապետն ասաց․

«Ես չէ, բայց մեր աշխատակիցներն այնտեղ են եղել, իսկ վնասների մասին մետրոյի ղեկավարությունից պետք է ճշտեք»։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս