ԱՆՏՈՒՆ ՇՆԵՐԸ ՈՀՄԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՇՐՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսին նշվում է անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրը։

 

Այն սահմանվել է Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից 1992 թվականին, երբ առաջարկված նախագիծը ստացել է աշխարհի կենդանապաշտպան կազմակերպությունների աջակցությունը։ Որոշվել է, որ օգոստոս ամսի ամեն երրորդ շաբաթը նվիրված է լինելու անտուն կենդանիներին, սակայն այս օրը նշվում է ոչ թե որպես տոն, այլ որպես տվյալ խնդրի մասին ավելի բարձր խոսելու հնարավորություն։

ArmLur.am-ը կապ է հաստատել «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հինադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանի հետ՝ պարզելու՝ ինչ է արվում Հայաստանում անտուն կենդանիների համար, քանի որ դրանց քանակը փողոցներում ավելանում է։

«Ընդհանուր առմամբ անտուն կենդանիների հարցում մենք ունենք շատ-շատ մեծ բացեր, քանի որ չունենք օրենսդրություն, որով ամբողջ հանրապետությունում ամբողջ հարցը կկարգավորվի։ Մենք անդադար խոսում ենք թափառող կենդանիների մասին, բայց չենք խոսում, թե որտեղից են այդ թափառող կենդանիները առաջանում, որովհետեւ, եթե մենք այսօր բոլոր թափառող կենդանիներին վերացնենք՝ տնային, ինչպես նաեւ լքված շների սերունդները շատ արագ լրացնելու են այդ քանակը։ Այսինքն՝ մենք առաջին հերթին խնդիր ունենք կարգավորելու տերերով կենդանիների բազմացումը, որովհետեւ թափառողներն առաջանում են տեր ունեցող կենդանիներից»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կենդանիներին լքելը օրենքով պետք է կարգավորվի, որ կենդանին չհայտնվի դրսում, դրսում չբազմանա եւ այդպիսով քանակը չշատանա, իսկ հետո կարելի է խոսել թափառող կենդանիների հարցից։

«Երկրորդ կարեւոր խնդիրը թափառող կենդանիների մասին, որն էլի օրենքով չի կարգավորվում, ամբողջ պետությունով՝ մարզերով, գյուղերով, քաղաքներով պետք է կատարվի մեծաքանակ ստերջացման ծրագիր։ Նման ծրագիր գործում է միայն Երեւանում, այդ պատճառով էլ Երեւանում համեմատաբար ստաբիլ վիճակ է։ Շների մեծ մասը կլիպսով է, որն էլ նշանակում է, որ արդեն տարիների ընթացքում թափառող շների քանակը նվազման է գնալու։ Իսկ մարզերում այլ պատկեր է, այնտեղ օրենքով ոչինչ չի նախատեսվում, չնայած նրան, որ սպանդն արգելվում է, բայց նաեւ ոչինչ չի պարտադրվում համայնքներին, համայնքներն էլ ոչինչ չեն անում եւ կենդանիներն էլ շատանում են։ Մարզերում, բնականաբար, ստերջացում չեն ապահովում, ոհմակներ են կազմվում եւ առաջացնում են բազմաթիվ խնդիրներ։ Պետք է լինի մեկ ընդհանուր համալիր օրենք, որով կկարգավորվի բոլոր կետերը»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը։

Օվսաննա Հովսեփյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ըստ իրեն, ինչո՞ւ Հայաստանում նման օրենք չի գործում թափառող կենդանիների վերաբերյալ։

Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց՝ ավարտին հասցնելով խոսակցությունը. «Ես կարծում եմ, որ այդ հարցը պարզապես այդքան էլ կարեւոր չեն համարում, թե չէ օրենքի նախագիծը եղել է, գրեթե պատրաստ էր։ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի նախաձեռնած օրենքի նախագիծն էր դա, որի մշակմանը նաեւ «Դինգո թիմն» է մասնակցել։ Ես գիտեմ, որ այդ նախագիծը ամբողջությամբ պատրաստ էր, սակայն մինչեւ օրս չի մտնում օրակարգ եւ մղված է հետին պլան»։

 

 

 

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

2020 թվականի հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 7 մարզերում նախկին զինվորականներին նշանակեց մարզպետի տեղակալներ։ Որպես այդ որոշման նպատակ հայտարարվեց մարզերում աշխարհազորի ստեղծումը։ Տավուշի մարզպետի տեղակալ նշանակվեց Արթուր Հովակիմյանը, ով երկար տարիներ Իջեւանի զինվորական կոմիսարն էր։ Արթուր Հովակիմյանի՝ մարզպետ տեղակալ նշանակվելուց հետո Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց. «Պատերազմին զուգահեռ Հայաստանում աշխարհազորային հաղթական ծրագրի հիմքն է դրվում»:  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հետեւյալ հարցումն ենք ուղարկել. «Տավուշի մարզպետի տեղակալներից ո՞վ, ո՞ր ոլորտի խնդիրներով է զբաղվում, որո՞նք են նրանցից  յուրաքանչյուրի աշխատանքային ոլորտները եւ  պարտականությունները»։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը համակարգում է միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները, իսկ Արթուր Հովակիմյանը համակարգում է զորահավաքի, զորակոչի կազմակերպման աշխատանքները եւ ուժային կառույցների հետ փոխհարաբերությունները»: Բա ի՞նչ եղավ մարզում աշխարհազորի ստեղծման ղեկավարումը։ Ադրբեջանի սահմանը պաշտպանող, 15 օր սահմանային դիրքերում ծառայություն իրականցնող աշխարհազորայինների աշխատավարձերը վերջերս կրճատել են՝ 180 հազարից դարձրել են 120 հազար դրամ։ Տավուշի մարզի բնակիչ շատ աշխարահազորայիններ այդ պատճառով դուրս են եկել ծառայությունից։

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ՝ ԲԱՂԱՆԻՍԻՑ

Սահմանազատման, իրականում՝ միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետեւանքով տարածքային կորուստներ ենք ունենալու ոչ միայն Իջեւան համայնքի Կիրանց գյուղից, այլ նաեւ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղից։ Նախկինում ադրբեջանաբնակ, ԽՍՀՄ-ի ժամանակ՝ Ղազախի շրջանին պատկանող Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո նոր առաջացած սահմանին փշալար է փռվել, սակայն այդ փշալարը հիմնական չէ, ժամանակավոր է, առաջիկայում Կիրանցի նման այդտեղ էլ հիմնական փշալար է անցկացվելու, որից հետո խնդիր է ծագելու՝ դեպի հայկական սահմանապահ դիրքեր տանող ճանապարհ բացելու։ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այդ ճանապարհը այժմ բացվում  է համայնքի պահեստային հողերից Բաղանիսի բնակիչ Արարատ Հարությունյանին երկարաժամկետ վարձակալությամբ տրված տարածքով։ Խորհրդային շրջանում այդ տարածքում Բաղանիսի «սովխոզին» պատկանող թռչնաբուծական տնտեսություն էր գործում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս