ՖՈՏՈ. Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին շուրջ քսան օտարերկրացիներ են մասնակցել. Գիլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է եղել»: Այս մասին այսօր Էջմիածնում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում և հետզհետե ավելի մեծ հեղինակություն կվայելի:

«Այս տարի մրցաշարին շուրջ քսան օտարերկրացիներ են մասնակցել ընդհանուր հաշվարկում: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի 40% աճ ենք ունեցել քանակական առումով: Նախորդ տարի բոլոր մարզաձևերից անցկացված մրցաշարերին շուրջ 6700 մասնակից ենք ունեցել, իսկ այս տարի այդ թիվը կազմում է շուրջ 9800՝ մարզային և համայնքային փուլերը միասին: Հուսանք՝ կունենանք այն արդյունքը, որն ակնկալում ենք, այն է՝ առողջ սերունդ»,- լրագրողների հետ զրույցում եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները դրամական մրցանակներ են ստանալու՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Հաջորդիվ կկայանան մրցաշարի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:




Լրահոս