Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլjա Տիմոշենկոն օրինագիծ է մշակել քաղաքացիների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մասին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Տիմոշենկոն հայտարարել է, որ օրինագիծը թույլ կտա դիմակայել պաշտոնյաների չարաշահումներին: Այն քաղաքացիներին իրավունք կվերապահի ինքնուրույն կերպով քրեական հետաքննություն իրականացնել, տեսախցիկով գրանցել պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները, այնուհետև ստացված ապացույցներով անմիջապես դիմել դատարան:
Տիմոշենկոն կոչ է արել պատգամավրներին անհապաղ ընդունել օրենքը, որն իրենից ներկայացնում է Քրեական դատավարության օրենսգրքի լրացում: Նա մասնակցելու է մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին:
Նախընտրական քարոզչության ընթացքում Տիմոշենկոն խոստացել է «կոտրել կոռուպցիայի մեջքը», սահմանափակել օլիգարխների իշխանությունը, ինչպես նաև՝ վերադարձնել Ուկրաինային Ղրիմը: Փորձագետների կարծիքով՝ ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Տիմոշենկոն կարող է անգամ երկրորդ փուլ չանցնել: Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում նրա հետ կմրցեն Յարոշն ու Տյագնիբոկը: