Ինչպես վերադարձնել պարտադիր կուտակված գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրական դատարանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի դրույթները հակասահմանադրական ճանաչեց: Միաժամանակ նշելով, որ օրենքի դրույթներն իրենց ուժը կորցրած կճանաչեն մինչև սեպտեմբերի 30-ը: Այս հակասական որոշումը դարձյալ տարակուսանք է առաջացրել մի շարք գործատուների մոտ:

Թեև կառավարության պատասխանատուները վստահեցնում էին, որ հունվարի 1-ից մինչ օրս պարտադիր գանձված գումարները կվերադարձվեն առանց խնդիրների, այնուամենայնիվ, հիմնարկ – ձեռնարկությունների ղեկավարները չգիտեն ` ինչ մեխանիզմով են աշխատակիցներին վերադարձնելու պարտադիր գանձված գումարները:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վստահեցրեց, որ հունվարի մեկից մի շարք գործատուների կողմից աշխատավարձերից պարտադիր կուտակված գումարները միանշանակ պետք է հետ վերադարձվեն:

Վերջինիս խոսքերով, արդեն իսկ հակասահմանադրական է այն, որ ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ օրենքը պետք է ժամանակավորապես կասեցվի, սակայն, այդուհանդերձ, աշխատողների աշխատավարձերը կուտակվել են ինչ որ ֆոնդերում:

«Իմ կարծիքով, միանշանակ կուտակված գումարները պետք է վերադարձվեն, ըստ երևույթին հենց պետության կողմից, քանի որ կուտակումներն ուղարկվել են պետբյուջե»,- բացատրեց փաստաբանը:

Ըստ նրա, միայն մի դեպքում է հնարավոր գումարը չվերադարձնելը, եթե աշխատողները հայտարարեն, որ իրենց կամքով և իրենց դիմումի համաձայն են կատարել կուտակումները:

Հ.Գ. Չնայած այս ակնհայտ թվացող իրավիճակին, այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկություն չկա, թե գումարներն ինչպես են վերադարձնելու:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ կառավարությունը քննարկել էր գանձված գումարները եկամտային հարկով փոխարինելու տարբերակը: Այսինքն՝   չի բացառվում, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը արդեն կատարված վճարումները դիտարկի եկամտային հարկի մի մաս (յուրաքանչյուր աշխատողի համար իր եկամտի չափի հաշվարկով), և այդպես կամացկամաց կմարվի եկամտահարկը:

Սպասենք, տեսնենք, թե ինչ նոր փորձություններ են սպասվում գործատուների և աշխատակիցների համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս