Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։

Քրեական ոստիկանություն

▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։

▪ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ նոյեմբերի 1-ից լուծարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները։

▪ Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։

▪ Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

▪ Ծառայությունը համալրվել է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:

Համայնքային ոստիկանություն

▪ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվել են համայնքային ստորաբաժանումներ։

▪ Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ պայմանավորված՝ լուծարվել է Ճանապարհային ոստիկանությունը։

▪ Համայնքային ոստիկանները բոլոր ուղղություններով իրականացնելու են հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու գործառույթներ։

▪ Ծառայությանը վերապահված է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործառույթ:

▪ Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվել ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ մի շարք այլ լիազորություններ»։




Լրահոս