Արցախի հայաթափումից, 120 հազար մարդու անտուն թողնելուց հետո, երբ հայկական կողմը միջազգային կառույցներին է դիմում օգնության, խնդիրների լուծման առաջարկների, աջակցության համար, միջազգային կառույցների պատասխանը կա՛մ շատ լղոզված է լինում, կա՛մ էլ պատասխանը լինում է լռությունը։ Ի՞նչն է սրա պատճառը՝ պարզ չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։
-Պարո՛ն Մանվելյան, ինչի՞ հետեւանքով է, որ Արցախի հայաթափումից, 120 հազար մարդու անտուն թողնելուց հետո, երբ միջազգային ցանկացած կառույցի ենք դիմում՝ մեր խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծում տալու համար միջազգային կառույցներից (ՄԻԵԴ, ԵԽԽՎ) ստանում ենք միայն լռություն։ Ինչի՞ հետեւանքով է սա՝ ըստ Ձեզ։ Իշխանության մեղքը կա՞ այստեղ։
-Խնդիրն այն է, որ միջազգային բոլոր կառույցներում մենք խնդիրներ ունենք, պայմանավորված առաջին հերթին, մեր քաղաքական իշխանության, մեղմ ասած, կրավորական դիրքի հետ Արցախի խնդրի վերաբերյալ։ Գոնե ես իմ ընկերների հետ, սեփական կապերով դիմում ենք տարբեր միջազգային կառույցների, իրենք պատասխանում են, որ ձեր իշխանությունների կողմից այս հարցին բավականին պասիվ դիրքորոշում կա, ու շատ դեպքերում նույնիսկ որոշում կա, որ իրավիճակը պետք չէ սրել, փորձում ենք իբրեւ Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ, իսկ ձեր այս տիպի հայտարարությունները մեզ խանգարում են։ Այսինքն՝ հենց գործող քաղաքական ռեժիմն է իր քայլերով ամեն բան անում, նույնիսկ ինչ-որ ձեւով որպես փաստաբան է հանդես գալիս Ադրբեջանի համար՝ թույլ չտալով, որպեսզի բարձրաձայնենք այն աղետը, որը կատարվել է Արցախում, այն հայաթափումը, փաստացի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել այնտեղ։
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ միջազգային կառույցները ավելի շատ են մտահոգված մեր խնդիրներով եւ դրանց լուծումներով, քան այսօրվա իշխանությունը։ Ինչո՞ւ է այդպես։
-Միանշանակ կարելի է պնդել, որովհետեւ, օրինակ, եվրոպարլամենտն ընդունում է որոշումներ, որոնց դեմ, ես գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները որոշակի նույնիսկ ի հեճուկս քայլեր են փորձում կատարել. նույնը կա պայմանավորվածություն Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ ի պաշտպանություն Արցախի ընդունված որոշումների եւ այլն… եւ հայաստանյան այն կառույցները, օրինակ՝ Վարդան Օսկանյանի ղեկավարած հանձնաժողովը, փորձում են տարբեր երկրներում աշխատանքներ իրականացնել, միշտ հանդիպում են հենց այդ խոսքին, թե՝ «գիտե՞ք, ձեր իշխանությունները դիմում են մեզ՝ ոչ մի կերպ չաջակցելու, չօգնելու, Արցախի հետ կապված խնդիրներին չնպաստելու եւ այլնի համար»։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս կառույցները ավելի հայամետ են դարձել, քան Հայաստանում գործող քաղաքական ռեժիմը։
-Ո՞րն է այդ դեպքում իշխանավորների դրդապատճառը՝ չլուծելու մեր խնդիրները։
-Խնդիրը հետեւյալն է. բացի իրենց էությամբ, տեսակով, գաղափարախոսությամբ հակահայ լինելու իրենց այս տեսակին՝ իրենք նաեւ մեկ այլ խնդիր են լուծում՝ անձնական, այն է՝ ամեն գնով մնալ իշխանության, որ իրենց գոյատեւման եւ գոյաբանական խնդիրը լուծեն, քանզի հասկանում են՝ նման հանցանքներ անող քաղաքական ուժը կամ կլանը չի կարող իշխանությունը ոչ մի կերպ հանձնել մեկ այլ ուժի, որովհետեւ այդ դեպքում իրենք գոյաբանական խնդիր կունենան։ Հետեւաբար, այս ճանապահին, այս խնդիրը լուծելու հարցում, իրենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մոսկվայից կամ հյուսիսից տեղափոխեցին դեպի Արեւմուտք՝ հույս ունենալով, որ իրենց հակառուսականության մեջ, ի դեմս Արեւմուտքի, կտեսնեն գործընկերների, որոնք նաեւ որոշակի երաշխիքներ կտան՝ իշխանության մնալու համար: Իրենք, սակայն, այստեղ հանդիպեցին մի իրավիճակի, որ հասկացան՝ Արեւմուտքը նմանատիպ երաշխիքներ իրենց տալ չի պատրաստվում եւ այս պայմաններով այս աշխարհաքաղաքական խաղացողի կամ տիրոջ փնտրտուքի ճանապարհին, իրենք հանկարծակի հայտնաբերեցին, որ դա կարող է լինել պաշտոնական Անկարան։ Այսինքն՝ Թուրքիան կարող է իրենց գոյատեւման եւ գոյաբանական խնդիրները, նորից եմ կրկնում՝ իրենց անձնական խնդիրները, «նեղկլանական» իշխանության մնալու հարցով, լուծել, եւ դա նրանք հայտնաբերեցին։ Հետեւաբար այս պայմաններում Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունների բարելավման պայմաններում իրենք պատրաստ են բոլոր, պահանջները կատարել, որոնցից առաջինն է՝ գալ համաձայնության պաշտոնական Բաքվի, Ադրբեջանի հետ։ Իրենք հայտնվել են աշխարհաքաղաքական մի այնպիսի փակուղու մեջ, որից դուրս գալու միակ ելքը տեսնում են Անկարայի հետ լեզու գտնելու միջոցով, այսինքն՝ մաս կազմելու թուրանական աշխարհի, կամ Թուրքիայի թուրանական քաղաքականությունը սպասարկող կառույց դառնալու եւ ամբողջ Հայաստանը ծառայեցնելու այդ թուրանիզմի գաղափարախոսությանը։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ սա Հայաստանի «վիլայեթացման» կամ ադրբեջանցիների լեզվով ասած՝ արեւմտյան ադրբեջան տանելու ճանապարհ է։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ բյուջեն կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա. «…Դա դիմակայունության ամրապնդումն է, տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության ապահովումը, նաեւ մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը, որի ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են ներդրված բյուջեում»։
Ըստ նախագծի՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը։ Կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ծախսերից։ Արդյունքում՝ այս ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 0,7 տոկոսային կետով», – ասաց Հովհաննիսյանը։
Նախագծով նախատեսվում է նաեւ սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացում։
«Այստեղ ծախսերի մակարդակը կազմում է 905 միլիարդ դրամ, ինչը շուրջ 14 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը», – նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ այս ծախսերի մեծ մասը նախատեսվում է հատկացնել կուտակային կենսաթոշակներին, ինչը կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը՝ 0,6 տոկոսային կետով ավել։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։