Նիկոլ Փաշինյանը հեղափոխական մուրճով մտել է պետական կառույցներ եւ պաշտոնանկությունների շքերթ սկսել:
Նոյեմբերի 17-ին հրապարակվել էր պաշտոնյաների ցանկ, որոնց Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով տեղեկացրել էր՝ դիմում գրեն եւ հեռանան:
Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված պաշտոնյաներն են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Հայտնի դարձավ նաեւ, որ երեքշաբթի օրը մանդատը վայր դնելու մասին հայտարարել է նաեւ Նարեկ Զեյնալյանը: Մանդատը վայր դնելու պահանջ է դրվել նաեւ Հովիկ Աղազարյանի առջեւ, սակայն նա դեռ համառում է:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
-Պարո՛ն Գաբրիելյան, գործադիրում տեղի ունեցող պաշտոնանկությունների այս շքերթը կարծես հիմա էլ խորհրդարան է տեղափոխվել. մանդատը վայր դրեց Նարեկ Զեյնալյանը: Երեքշաբթի օրը՝ վարչության նիստին, ներկա էր նաեւ Հովիկ Աղազարյանը, եւ խոսակցություններ կան, որ նրան եւս պարտադրվել է, որ հրաժարականի դիմում ներկայացնի, վայր դնի մանդատը: Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում:
-Հրաժարականի դիմում ներկայացնելու պարտադրանք չի եղել որեւէ մեկի նկատմամբ, իսկ թե ինչու են պատգամավորները որոշել իրենց մանդատները վայր դնել, կարծում եմ, դեռ մեկ շաբաթ ժամանակ կա, հնարավորություն կունենաք իրենցից անձամբ հարցնելու, ես չեմ կարող ասել:
-Պարո՛ն Գաբրիելյան, ասում եք, թե պարտադրանք չկա, բայց, ըստ էության, եթե հարցը հասնում է վարչության նիստ, պատգամավորին կանչում են այնտեղ, ուրեմն խնդիրը լուրջ է:
Տեսանք, որ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս, բայց Հովիկ Աղազարյանը մինչ այժմ դեռ համառում է:
-Նորմալ գործընթաց է, որ պատգամավորին կարող են վարչություն կանչել, սա հրաժարական պարտադրել չի նշանակում ու դրա հետ կապ չունի: Ինձ նույնպես կանչել են տարբեր հարցերի վերաբերյալ: Այդտեղ որեւէ արտառոց բան չկա, մեր դիմումների հիման վրա կուսակցությունը քննարկում է այս կամ այն կարեւոր հարցը: Պարզապես մեր կողմից նաեւ լրատմավիջոցներին էր հայտարարվել, որ կուսակցության վարչությունում որոշ կարգապահական վարույթներ կան, գուցե դա է եղել այսքան աղմուկի, այս քննարկումների պատճառը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄԻ ՇԱՐՔ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԿՄԵԿՆԵՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման նպատակն է երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը։
ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետեւյալ կազմով՝
Տիգրան Ավինյան՝ Երեւանի քաղաքապետ,
Լուսինե Դայան՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական,
Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,
Դավիթ Գեւորգյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
Անդրանիկ Թեւոսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ,
Սարգիս Մանուկյան` «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն,
Օֆելյա Սիմոնյան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ,
Լուսինե Ղարիբյան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ,
Մալվինա Պողոսյան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող,
Արամ Դեւրիկյան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր։
Գործուղման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։
ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հովիկ Աղազարյանը դեռ համառում է: Չնայած, որ նեկ օր առաջ ՔՊ վարչության ժամանակ նրան պարտադրվել է վայր դնել մանդատը, բայց ԱԺ-ից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովիկ Աղազարյանը դեռ մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը մանդատը վայր դնելու մասին հայտնեց Նարեկ Զեյնալյանը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր. «Լրատվականի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանը այսօր կեսօրին զանգահարել է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը:
Համենայնեպս, ՔՊ պատգամավորները ArmLur.am-ին այսպես պատմեցին. Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է Զեյնալյանն ու Աղազարյանը պատգամավորական մանդատները վայր դնեն:
Նարեկ Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրեւ սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը՝ հավելելով՝ ինչ ուզում են՝ անեն:
Նոյեմբերի 17-23-ը արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց հեռախոսազանգի ու նման զրույցի մասին լուրը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աղազարյանը երեկ՝ երեկոյան կանչվել է ՔՊ բարձրագույն մարմին՝ վարչության նիստին: Այնտեղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացատրել են Աղազարյանին, որ պետք է պատգամավորկան մանդատից ինքնակամ հրաժարվի:
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նա եւս մանդատից հրաժարվելու դիմումը գրել է:
Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ դեռ 5 օր ժամանակ ունի Հովիկ Աղազարյանը եւ կարող է փոշմանել ու հետ վերցնել մանդատից հրաժարվելու իր դիմումը՝ պահպանելով մանդատը:
Պատճառը ԱԺ հայտնի լսումների օրը նրա ցուցաբերած վարքագիծն է, երբ ԱԺ ամբիոնից իր որդու քրգործի հարցերն էր լուծում՝ վիճելով քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ:
Նարեկ Զեյնալյանն էլ նույն պատճառով գնաց. նա էլ վատ տոնայնությամբ հակադարձեց Քյարամյանին թե՝ «Ձեր աշխատասենյակում չեք, ի՞նչ ձեւով եք խոսում»:
Այսպիսով, թեեւ Քյարամյանին աշխատանքից ազատեց Փաշինյանը, բայց փորձում է նաեւ արդարության զգացում ապահովել նրա համար:
Հերթը Անդրանիկ Քոչարյանինն է: