Կառավարությունը նպատակ ունի ազատությունից զրկված անձանց համար ստեղծել պայմաններ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։
Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։
Նախագծով նախատեսվում է ազատությունից զրկված անձանց համար ներդնել անանուն հաղորդումների ներկայացման համակարգ, ամրապնդել խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բողոքների քննության մեխանիզմները։
Նախագիծը միտված է ապահովելու, որ ազատությունից զրկված անձինք կարողանան անարգել հայտնել խախտումների մասին՝ առանց վախի կամ կաշկանդվածության։
Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն անանուն հաղորդումների ներկայացման պայմանները, դրանց ընդունման միջոցներն ու ընթացակարգերը։ Սա հնարավորություն կտա ազատությունից զրկված անձանց ապահովել լիարժեք իրավական պաշտպանությամբ, նվազեցնել խախտումների փաստերը և խրախուսել դրանց բացահայտումը։
Սույն նախագծերը համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որոնք նպատակ ունեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները։