Հունվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձն ավելի թանկ է լինելու, քան օրինակ Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում կամ Պրահայում։
Այսօր գործող տրանսպորտային վճարային համակարգը կա՛մ 100 դրամանոց մետաղադրամներով, կա՛մ էլ օնլայն ուղետոմսերով, մայրաքաղաքում իսկական կոլապս է առաջացրել։ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից:
Հասկանալու համար, թե հաջորդ տարեսկզբից մայրաքաղաքում որքան է թանկանալու հանրային տրանպորտի ուղեվարձը, առաջարկում ենք լսել՝ ինչ համակարգ է ներդրվելու։
Հունվարի 1-ից 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվա փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23.600 դրամ, իսկ 1 տարվանը՝ 88.800 դրամ։
Ըստ որոշման՝ 1 և 7 օրվա ուղետոմսերի դեպքում երթևեկության քանակը կլինի սահմանափակ՝ համապատասխանաբար 8 և 30 անգամ, մյուս փաթեթների դեպքում՝ անսահմանափակ։ Տեղեկացնենք նաև, որ նշված արժեքները գործում են բացառապես օնլայն տարբերակով ուղետոմս գնելու դեպքում, իսկ ֆիզիկական տոմս գնելու դեպքում դրանք ավելի թանկ են՝ համապատասխանաբար՝ 900, 5000, 9000, 24.000 և 90.000 դրամ։ Կգործեն նաև 90 րոպեանոց ուղետոմսեր՝ 280 և 300 դրամ արժեքով։
Նման խառը թվաբանական պրոգրեսիան կարող է կոլապս առաջացնել ոչ միայն տրանսպորտային համակարգում, այլ նաև քաղաքացիների գրպանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան