Բնապահպանության նախարարի հարցով դիմել են Էթիկայի հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Մարտի 25-26-ին Երևանում անցկացված «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել:

Բնապահպանները կոնֆերանսի դահլիճում բողոքի ակցիա էին կազմակերպել ՝  իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ:

Ակցիայի ժամանակ նախարարը ակցիայի մասնակիցներից մեկին ասել էր . «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում Է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ:




Լրահոս