Հասարակության տարբեր շերտերի կողմից մշտապես քննարկվում է այն հարցը, թե որ երկրից է առավել ճիշտ գազ ներկրել Հայաստանի Հանրապետություն։ Այս հարցում կան ոչ միանշանակ կարծիքներ։ Մարդկանց մի մասի կարծիքով ճիշտ է ՌԴ-ից ներկրել գազ, մի մասի կարծիքով՝ Իրանից, իսկ մի մասի կարծիքով էլ՝ Ադրբեջանից։
Նշենք, որ ՌԴ-ից ՀՀ ներկրված գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իսկ իրանականը ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Սակայն հետաքրքիր է, թե 1000 խմ-ի համար քանի՞ դոլար կարժենա ներկրված գազը։ Օրինակ՝ ՌԴ-ից 1000 խմ-ի դիմաց ՀՀ-ն գազը գնում է 165 դոլարով, ինչը շուկայական գնից բավականաչափ ցածր գին է։
Պարզելու համար՝ կառաջանա՞ն ինչ-որ վտանգներ Ադրբեջանից գազ ներկրելու դեպքում և ինչքանո՞վ ձեռնտու կլինի Ադրբեջանից գազ ներկրելը, ArmLur.am-ը կապ է հաստատել տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
-Պարո՛ն Պարսյան, ինչքանո՞վ անվտանգ և ձեռնտու կլինի Ադրբեջանից գազամատակարարումը դեպի Հայաստան։ Ինչ-որ խնդիրներ կառաջանա՞ն։
-Գազամատակարորումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գազի պաշարներ չունենք։ Ներկայումս Հայաստանը գազ ստանում է ՌԴ-ից և Իրանի իսլամական հանրապետությունից և դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը։ Նշեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը գազ էր ստանում Ղազախով Ադրբեջանից և այդ ժամանակ հիմնական գազամատակարարը հանդիսանում էր Ադրբեջանը։ Իրավիճակը փոխվել է վերջին տարիների ընթացքում, հաշվի առնելով այն, որ մենք ունենք իրանական այսպես գազամատակարարման հնարավորությունը մինչև 2 մլդ խորանարդ մետրի չափով։ Այս պահին ընդամենը դրա 15 տոկոսն ենք օգտագործում և Ռուսաստանից նաև կառուցվեց նոր գազատար, որը նույնպես այսպես ուղղակի գազամատակարարման հնարավորություն էր ստեղծում։ Միաժամանակ նշեմ, որ Ադրբեջանի գազի պաշարները այնքան չեն, որ թույլ կտան բավարարել ներկա իր պատվերները։ Մի կողմից ինքը պայմանագիրն ունի եվրամիության երկրների հետ, տարեկան մինչև 20 մլդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասով։ Ինքն այդքան գազ չունի, նույնիսկ վերջերս Սերբիայի նախագահը հայտարարեց, որ նրանք դադարեցրել են գազամատակարարումը Սերբիա։ այսինքն Ադրբեջանն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց՝ նոր պատվերներ ընդունի, հաշվի առնելով գազի իր պատճառները։ Բացի այդ նշեմ, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկայում անհամեմատ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։ Ադրբեջանն իր գազը եվրոպական շուկայում վաճառում է բորսայական գներով 500 դոլարի շրջանակներում։ Այսինքն մենք 2-3 անգամ շատ պետք է վճարենք։
-Այսինքն մեզ ձեռնտու չէ՞։
-Այս պահին իհարկե ձեռնտու չէ։ Եւ՛ ձեռնտու չէ, և՛ Ադրբեջանը չունի այդքան գազ, որ մատակարարի։
-Իսկ անվտանգության առումով ինչ-որ խնդիրներ չի առաջացնի՞ միայն այն հանգամանքով, որ Ադրբեջանը թշնամական երկիր է։ Օրինակ՝ կլինե՞ն հաճախակի գազի անջատումներ։
-Մենք ժամանակին դրա պատճառով ունեցանք էներգետիկ ճգնաժամ։ 90-ական թվականների ադրբեջանական կողմը պարբերաբար պայթեցնում էր Ղազախի գազի գիծն ու Հայաստանը զրկվում էր գազամատակարարումից։ Այսինքն մենք այդպիսի փորձ ունեցել ենք և Ադրբեջանը Հայաստանի համար չի կարող հանդիսանալ միակ, ենթադրենք գազամատակարար երկիրը կամ գազ ապահովող ենթակառուցվածքը ստեղծող պեռությունը։ Մենք կարող ենք լավագույն դեպքում ունենալ այլընտանքային տարբերակներից մեկը, որ ենթադրենք լինի ինչ-որ խնդիր, ենթադրենք՝ Վրաստանի տարածքով գազամատակարարման խնդիրը առաջանա, գազամատակարարումը որոշակի ժամանակ, իրականացնենք Ադրբեջանով։ Մյուս պարագաներում ամբողջությամբ մենք չենք կարող հիմնվել այս ուղղության վրա, հաշվի առնելով անվտանգային, էներգետիկ և բազմաթիվ խնդիրներ։ Ուշագրավ է, որ վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով ինքն է գազ վաճառում եվրոպական երկրներին, հաշվի առնելով այս տնտեսական պատժամիջոցները։ Կարող է մի օր այնպիսի դեպք ունենանք, որ Ռուսաստանը գազը վաճառի Ադրբեջանին ու Ադրբեջանն էլ գազը մատակարարի Հայաստանին։ Այսինքն այդպիսի տարբերակը կարող է տեսականորեն լինել։ Հետևաբար այս պահին հաշվի առնելով անվտանգային և այլ գործոններ, քիչ հավանական է, որ մենք գազամատակարարում կունենանք և եթե ունենանք էլ, այստեղ անշուշտ պետք է հաշվի առնել նաև ռուսական կողմի շահերը։ Ռուսաստանի հետ մենք ունենք գազամատակարարման պայմանագիր, որը գործում է մինչև 2043 թվականը և այդ պայմանագրի համաձայն ռուսական կողմն է Հայաստանի միակ գազամատակարար երկիրը և Հայաստանը, եթե այսպես կտրուկ փոփոխություն անի, պետք է նաև ռուսական կողմի հետ պայմանագիրը քննարկի։ Մենք ունենք պայմանագրային պարտավորություններ։
Աննա Սրապիոնյան