ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ առաջարկում է ֆինանսական արտոնություններ բոլոր այն դաշնային աշխատողներին, որոնք մինչև հաջորդ շաբաթ դուրս կգան աշխատանքից։ Այս աննախադեպ քայլը ձեռնարկվում է ԱՄՆ կառավարության աշխատակիցների թիվը կրճատելու նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության անձնակազմի կառավարման գրասենյակի հուշագիրը։
Նշվում է, որ հուշագրում ասվում է նաև, որ կառավարությունը կսկսի ստուգել բոլոր դաշնային աշխատակիցների համապատասխանությունը բարձրացված չափանիշներին։ Աշխատակիցներին նաև զգուշացրել են ապագա կրճատումների մասին:
Միլիոնավոր աշխատակիցներին ուղարկված նամակում ասվում է, որ նրանք, ովքեր կամավոր կլքեն իրենց պաշտոնները մինչև փետրվարի 6-ը, կստանան մոտ ութ ամսվա աշխատավարձ։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել էր, որ օրական գրեթե 1 միլիարդ դոլար է խնայում դաշնային կառավարության համար՝ հիմնականում ոչ անհրաժեշտ պաշտոններին մարդկանց աշխատանքի վերցնելը դադարեցնելու, բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերից հրաժարվելու և օտարերկրյա կազմակերպություններին ոչ տեղին վճարումները դադարեցնելու շնորհիվ։