ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈԴՔԱՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թ.-ի տարեվերջին լայվերի եւ ստատուսների սիրահար Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, սկսեցին համատեղ փոդքաստների շարք հենց Կառավարական առանձնատնից։

 

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրապարակել են ընտանեկան փոդքաստի 4 թողարկում, որոնց ընթացքում իշխանական զույգը անդրադարձել է իրենց հասցեին տարածված քննարկումներին, Աննա Հակոբյանին սպասարկող մեքենաներին եւ փորձում էին հանրությանը հրամցնել իրական եւ պատմական Հայաստանի մասին իրենց պատկերացումները։ Նիկոլ Փաշինյանն այնքան կարեւորություն էր տալիս իր փոդքաստներին, որ անգամ դրանց միջոցով արձագանքում էր Ալիեւի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կինն իրենց սոցցանցերի դիտելիության ցուցիչները հրապարակեն՝ իբրեւ հետաքրքրությունը իրենց ընտանիքի հանդեպ գնալով մեծանում է, թվերն այլ բանի մասին են խոսում:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ հանրության հետաքրքրությունը գնալով նվազում է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի փոդքաստների նկատմամբ:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի փոդքաստի առաջին թողարկման դիտումները 35.000 էին, երկրորդ թողարկման դիտելիությունը միանգամից իջել էր 18 000-ի:

Իշխանական զույգի երրորդ փոդքաստը դիտել է 12.000 հոգի, իսկ վերջին թողարկումը՝ 11.000 հոգի:

Այսինքն, եթե փոդքաստի առաջին թողարկումը հանրության շրջանում բուռն քննարկվեց, ինչն էլ իր հերթին ապահովեց թողարկման դիտելիությունը, ապա արդեն մյուս թողարկումների նկատմամբ հանրության հետաքրքրությունը գնալով նվազել է։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

7 ՀԱ ԱՇՆԱՆԱՑԱՆ

Հունվարի 27-ին Իջեւան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն տալ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջեւան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, եւ նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտեւորման)մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին: Կիրանց գյուղից տեղեկացել ենք, որ պետության կողմից մինչեւ 21 միլիոն դրամ վարկային աջակցությամբ 15 առանձնատուն է կառուցվում, եւս 40-ը նախատեսվում է առաջիկայում կառուցել։ 2024 թ.-ին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ, ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։ Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 216 ԸՆՏԱՆԻՔ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ 2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթածներից Տավուշում բնակություն է հաստատել 2970 անձ (780 ընտանիք): Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը հարցում է արել ներկայումս Տավուշում բնակվող արցախցիների թվի վերաբերյալ։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզում 2025 թվականի հունվարի 8-ի դրությամբ կա ԼՂ-ից բռնի տեղահանված 564 ընտանիք (1920 անձ)»: Անցած ժամանակաշրջանում Տավուշից հեռացել է 216 ընտանիք, 1050 անձ։ 2024 թվականի դեկտեմբերին Տավուշի մարզպետարան մեր թղթակիցը հարցում էր կատարել` մարզում հաստատված արցախցիների վերաբերյալ։ Այն ժամանակ մարզպետարանից հայտնել էին, որ  Տավուշում բնակվող բռնագաղթած արցախցիներից աշխատանք ունի ընդամենը 36-ը, Արցախից բռնագաղթվածները  մարզում սեփականության իրավունքով բնակարանններ չեն գնել։

 

 

 

 

42 ԴՊՐՈՑ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՀՐԱՏԱՊ ՆՈՐՈԳՄԱՆ

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզի հանրակրթական 76 դպրոցներից 10-ի շենքերը կարիք ունեն հիմնանորոգման, 32-ը` վերանորոգման կամ մասնակի նորոգման։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ 2025 թվականին նախատեսվում է վերանորոգել Տավուշի մարզի 5 դպրոց (Սարիգյուղ, Ջուջեւան, Թեղուտ, Տավուշ, Կայանավան): Եթե նկատի ունենանք, որ պետական ծրագրերը նախատեսված թվից պակաս են իրականացվում, ծրագրերն էլ` նախատեսված ժամկետի խախտմամբ, տարիներով ձգձգվում են, Տավուշի հանրակրթական դպրոցների շենքերի վիճակն այս տարի էապես չի բարելավվելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս