ԵԽԽՎ-ն Քեսաբի գործողությունները դատապարտող հռչակագիր է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ն ապրիլի 8-ին գրավոր հռչակագիր է ընդունել, որով դատապարտվում են Սիրիայի Քեսաբ քաղաքում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ահաբեկչական գործողությունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Փաստաթղթի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Փաստաթուղթը ստորագրել են վեհաժողովի 22 պատգամավորներ, այն բաց է ստորագրելու համար։ Ստորեւ ներկայացնում ենք հռչակագրի տեքստը.

«Մենք՝ խորհրդարանական վեհաժողովի ներքոստորագրյալ անդամներս, խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հինավուրց եւ գլխավորապես հայաբնակ Քեսաբ քաղաքում ծավալված իրադարձությունների կապակցությամբ։ Այդ քաղաքի վրա հարձակումներն իրագործվել են Ալ-Քաիդային կից գործող ահաբեկչական խմբավորումներց կողմից, որոնք Սիրիայի տարածք են ներխուժել թուրքական սահմանից։

Գլխավորապես բնակավայրի խաղաղ բնակչության հանդեպ կիրառված վայրենությունները ստիպել են տեղացիներին լքել իրենց տները։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները եւ նշանակալի վնաս պատճառել բնակիչների ունեցվածքին։ Սա շարունակական հումանիտար ճգնաժամ է։

Հաշվի առնելով Սիրիայում առկա զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաեւ՝ հայերի պաշտպանությունն ապահովելու խիստ անհրաժեշտությունը, մենք խստորեն դատապարտում ենք եւ անընդունելի համարում ուժի նմանատիպ կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։

Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել բացառելու ծայրահեղական խմբավորումների՝ այդ երկրի տարածքը որեւե կերպ օգտագործելու հետագա հնարավորությունները եւ հետաքննել այդ խմբավորումներին թուրքական աջակցության տրամադրման մասին բոլոր տեղեկությունները։

Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի փախստականների, այդ թվում՝ հայերի անվտանգությունը, եւ ապա՝ իրենց բնակության վայր արժանապատիվ վերադարձն ապահովելու համար, ինչպես նաեւ նրանց սուր կարիքները հոգալու համար անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի»։




Լրահոս