![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/3-pashinyan.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, համաձայն ՀՀ վարչապետի որոշման, 2025 թվականի փետրվարի 1-7-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում։
Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցին:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաեւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաեւ պատվիրակության ներկայացուցչական եւ փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:
- Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ազգային ժողովի միջոցների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վարչապետի կողմից ստորագրված որոշման մեջ առկա չէ Աննա Հակոբյանի անունը, ըստ այդմ, նաեւ Վաշինգտոն մեկնման ծախսերում ներառված չէ վարչապետի տիկնոջ մեկնման գումարը։
Հարկ է նշել, որ պատվիրակության անդամները ավելի վաղ են մեկնել ԱՄՆ, քան Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության 2 օպերատորները եւ լուսանկարիչը ԱՄՆ էին մեկնել 1-2 օր առաջ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆՔ». Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ
Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։ Հայ ժողովուրդն իր նշանակալից մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը եւ Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես նշանակալի է։
Սա մարդկության պատմության ամենավճռորոշ փուլերից էր, երբ քաղաքակիրթ աշխարհը կասեցրեց ֆաշիզմի հրեշավոր արշավը։
Սա մեր ժողովրդի համար թանկ ու զգացմունքային թեմա է։ Մեր հայրերը, մեր պապերը, մեր մայրերը ներդրել են իրենց կյանքը, առողջությունը եւ մասնագիտական կարողությունները՝ ընդհանուր հաղթանակի գործում։
Այս հաղթանակը Հայոց պատմության մի մասն է, եւ այդ էջը պիտի հարգանքով ու խնամքով պահպանվի ոչ միայն գրքերում, այլեւ մեր մտքերում ու մեր սրտերում։
Մենք իրավունք չունենք մոռանալու պատմությունը, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այն խեղաթյուրվի։
Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, եւ նոր սերունդների համար կարեւորենք նրանց անմահ գործը։
Մեզ այսօր դրսից մեղադրում են ֆաշիստական նկրտումների մեջ, երբ մենք մեր անմնացորդ մասնակցությունն ենք ունեցել իսկական ֆաշիզմի ջախջախման գործում։ Մեզ այսօր փորձում են բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը։
Երկրորդ համաշխարհայինում մենք՝ հայերս, եղբայրական ռուս ժողովրդի կողքին, խորհրդային պետության մաս կազմող մյուս ժողովուրդների հետ ուս ուսի պայքարել ենք իրական ֆաշիզմի դեմ՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը եւ մեր արժանապատվությունը։ Մենք՝ հայերս, մեր անջնջելի մասնակցությունն ենք ունեցել նաեւ Ֆրանսիական դիմադրության կազմակերպման գործում՝ ընդդեմ նույն ֆաշիզմի։
Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը կարեւորագույն տարեդարձ է բոլոր քաղաքակիրթ եւ խաղաղասեր ժողովուրդների համար։
Ես հանձնարարել եմ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին` սկսել լայնածավալ ծրագիր եւ աջակցել այլ անհատների եւ կազմակերպությունների նմանատիպ ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարեւորմանը, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական եւ քաղաքակրթական կարեւորության ներկայացմանը։
Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք եւ դրանով պետք է հպարտանալ»:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գեւորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին եւ կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետնին։
Հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետեւանքները, Միջին Արեւելքում տեղի ունեցող փոփոխությունները եւ հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։