Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները:

Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:

Բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d’Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները:

Գիտաժողովն անցկացվել է ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ինալկո հիմնադրամի և Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 




Լրահոս