
Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին եւ փորձաքննություններին: Այս մասին «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նրա խոսքով՝ բողոքների մեծամասնությունը վերաբերում է հենց հետազոտություններին, կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին, նաեւ ուղեգրերի տամադրմանը։
«Զորակոչիկները, նրանց ծնողները երբեմն բողոքներ են ներկայացնում, որ առողջական կոնկրետ խնդիրների կապակցությամբ զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում, կամ տրամադրվում են խնդիրների մի մասով միայն։ Այս զորակոչին դիմումներ ենք ստացել այլընտրանքային զինվորական ծառայության, եղբայրներին միեւնույն զորամաս ծառայության հետ կապված հարցերով»,- ընդգծել է Եղոյանը։
Վերջինիս խոսքով՝ ձմեռային զորակոչին՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ից 2025 հունվարի 31-ը, ստացել են 50-ից ավելի գրավոր, բանավոր բողոքներ, ներառում են նաեւ քաղաքացիներին վերաբերող խորհրդատվությունները։ «Շատ հաճախ պետական մարմինների եւ քաղաքացիների միջեւ երկխոսությունը խզվում է»,- ասել է Եղոյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության ու անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյանը նշեց, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի կողմից բարձրաձայնված խնդիրները իրենց մոտ էլ առաջնային բնույթ են կրում։
«Այս խնդիրները շարունակվում են, զորակոչից զորակոչ կրկնվում են։ Ամենակարեւոր ու ակնառու խնդիրը, որ ունեցել ենք այս զորակոչի ժամանակ, կապված է եղել զորակոչիկների՝ սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու հետ, քանի որ բուժհաստատությունները երբեմն հղում են կատարում առողջապահության նախարարության՝ գոյություն չունեցող հրամանին՝ նշելով, որ տվյալ հրամանի առկայության պայմաններում իրենք իրավասություն չունեն զորակոչիկներին սեփական միջոցներով, առանց զինկոմիսարիատի ուղեգրման, որեւէ հետազոտման ենթարկել, որը, բնականաբար, խտրական վերաբերմունք է զորակոչիկների նկատմամբ»,- նշել է նա։
Զինծառայողների խնդիրներով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ այս զորակոչի ժամանակ չէին վերացել նախորդ զորակոչերի ժամանակ արձանագրված խնդիրները։
«Ունենք մի շարք խնդիրներ՝ կապված հենց բժշկական հաստատությունների հետ։ Թեեւ ուղեգրերով գնում են, հետազոտվում են, այնուամենայնիվ, այդ հետազոտությունների արդյունքում ունենում ենք այնպիսի պատկեր, որ թեկուզ սահմանափակումով ուղարկվում են զորամաս, հետագայում փորձաքննության հարց է առաջանում, տեսնում ենք, որ զինվորն իրականում ի սկզբանե չպետք է գնար ծառայության։ Այդպիսի դեպքերը քիչ չեն։ Պարզվում են այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող էին մինչ այդ արձանագրվել։ Օրինակ՝ 10 օր առաջ զինվորը զորացրվեց, ուներ գենետիկ խնդիրներ, այդ խնդիրը կարող էր հայտնաբերվել ավելի վաղ ու ի սկզբանե չտարվեր ծառայության։ Այդ զինվորը 5 ամիս շարունակ գտնվել է հոսպիտալում»,- կոնկրետ օրինակներով նշել է նա։
Փաստաբանի խոսքով, երբ քաղաքացիական հիվանդանոցները տեսնում են քաղաքացին ուղեգրով է ներկայացել, վերապահումով են մոտենում, չեն ցանկանում իրական պատկերը արձանագրել. «Այդ խնդիրը եղել է, կա։ Երբ որ տեսնում են, որ զինվորական ոլորտի հետ են առնչվում, քաղաքացիական հիվանդանոցները որոշակի վերապահումներով են մոտենում։ Ինձ այնպես է թվում, որ պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության մեջ կա պայմանավորվածություն։ Ես այդ ամենն առարկայական եմ տեսնում»,- հայտնել է Հայարփի Սարգսյանը։
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՊԱՀԵԼ
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել եւ տեղափոխել են Վաղարշապատի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ եւ մոտ 3 գրամ շոկո թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո թմրամիջոց է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 27, 21 եւ 18 տարեկան երեք երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ 18-մյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով կաթուցիչ: Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել 27-ամյա երիտասարդից:
Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը նույնպես ստացվել էր Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում: Տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 45-մյա տղամարդը տան նկուղում թմրանյութ է պահում։ Նշված հասցե մեկնած ոստիկանները նկուղում՝ սեղանի տեսանելի հատվածում, նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ։ 45-ամյա տանտիրոջ հետ էին նաեւ 30 եւ 31 տարեկան համաքաղաքացի երկու երիտասարդներ: Երեքն էլ ձերբակալվել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նկուղում հայտնաբերվել է 10 փաթեթ՝ ընդհանուր 68 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: 45-մյա տղամարդը ներկայացրել է նաեւ 4,7 գրամ բյուրեղանման զանգվածով փաթեթ եւ հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դիազեպամ հոգեմետ դեղամիջոցի 10 հաբ, իսկ 31-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանայի նմանվող զանգված եւ գաղտնի փականով դանակ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով, Խորենացու փողոցում ձերբակալել եւ Վաղարշապատի բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2,29 գրամ շագանակագույն զանգվածներով երկու փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Խուզարկության արդյունքում 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ափիոն թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 57,9 գրամ զանգվածով փաթեթներ էին, եւ երկու էլեկտրոնային կշեռք: 56-մյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ափիոն տեսակի թմրամիջոցով փաթեթ։ Պարզվել է, որ նա թմրամիջոցները ձեռք է բերել տարբեր թաքստոցներում տեղադրելու եւ Տելեգրամ կայքի միջոցով իրացնելու նպատակով։ Վաղարշապատ քաղաքի 56-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ի՞ՆՉ ՎԱՐԱԿ Է ՏԱՐԱԾՎԱԾ
Տավուշի մարզում պայծառ, արեւային, անձյուն եղանակ է։ Սակայն մարզում, գուցե ողջ Հայաստանում, շատ տարածված են շնչառական զանազան վիրուսներ։ Տավուշի մարզի հիվանդանոցների մահճակալները զբաղեցված են թոքաբորբով հիվանդներով։ Հանրակրթական դպրոցներում մեծ թիվ են կազմում հիվանդության պատճառով դասերից բացակայածները։ Առողջապահության մասնագետներն ասում են, որ արտառոց ոչինչ չկա, ամեն տարի այս ժամանակաշրջանում նման իրավիճակ է լինում։ Սակայն փաստն այն է, որ ավելացել է շնչառական անբավարարվածություն հիվանդությունից մահացածների թիվը։ Մահացողները մեծ մասամբ տարեց մարդիկ են։
8 ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ
Տավուշի մարզպետարանը համապատասխան նախարարությունների՝ ԿԳՄՍՆ-ի եւ առողջապահության նախարարությունների հետ մարզի ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ հանրակրթական դպրոցները եւ պետական բժշկական հիմնարկները։ Մարզպետարանի հաստիքացուցակը գերուռճացած է՝ մարզպետ, մարզպետի տեղակալներ, օգնականներ, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար,վարչությունների պետեր, բաժինների վարիչներ, գլխավոր, առաջատար մասնագետներ եւ այլք։ Մարզպետարանից տեղեկացել ենք, որ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 76 հաստիք: 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում առկա է 8 թափուր հաստիք: 13 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող ՀՀ-ն արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմին համեմատաբար բարձր աշխատավարձ ու մեծ պարգեւավճարներ տա։
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՈՐ ԿՈՐՍՏԻ ԱՌԱՋ ԵՆՔ
Սահմանազատման անվան տակ միակողմանի, ապօրինի կերպով, գաղտնիության քողի տակ Բաղանիս-Այրումի, Խերմիլիի, Ներքին Ոսկեպարի՝ Աշաղի Ասքիպարայի, Ղզլհաջիլիի, ինչպես նաեւ Կիրանց գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելը, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը Ադրբեջանին տալը հանգեցրել են Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հանդեպ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկողություն սահմանելուն։ Կիրանց գյուղի ծայրին` հարակից դիրքերում, բարձրացված են հայկական եւ ադրբեջանական դրոշները։ Միջպետական ավտոճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ, 1980-ականների կեսերին Ոսկեպարում կառուցված, այդպես էլ չբնակեցված տների կողքին` հայ սահմանապահներից քիչ հեռու, ադրբեջանական դիրքերն են, որտեղից լավ տեսանելի է միջպետական ավտոճանապարհով երթեւեկը։ Առաջիկայում Տավուշում նոր սահմանազատում իրականացնելու դեպքում նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին, ավելի է վտանգվելու սահմանի այդ հատվածի պաշտպանունակությունը, դա սահմանագոտու բնակչության մեջ հուսահատություն եւ արտագաղթ է առաջացնելու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ