
Armlur.am-ը հետաքրքիր տեղեկություններ է գտել Առողջապահական եւ տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի վերաբերյալ:
Այսպիսով՝ վերջին 3 տարիները շրջադարձային են եղել Սարգսյանի կարիերայի համար։ Բանն այն է, որ նա մինչ Տեսչական մարմին տեղավորվելը եղել է «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ի խորհրդատու վաճառող, որից հետո դեղատան վարիչ, դեղատնային ցանցի վաճառքի տնօրեն, ապա Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում որպես դեղերի շրջանառության վերահսկողության վարչության փորձագետ։ Հետաքրքիրն այն է, որ Սլավիկ Սարգսյանը 2 ամիս փորձագետի հաստիքում աշխատելուց հետո կտրուկ դարձել է Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Սլավիկ Սարգսյանի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը՝ փորձելով հասկանալ, թե այս տարիների ընթացքում ինչպես է ֆինանսապես փոխվել երիտասարդ պաշտոնյայի վիճակը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի՝ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2023 թվականը նրա համար եղել է բավականին հաջող տարի առնվազն ֆինանսական տեսանկյունից:
Սլավիկ Սարգսյանը հայտարարագրել է 1994 թվականին ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ 2023 թվականին Տեսչական մարմնի ղեկավարը ձեռք է բերել 2017 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա, որի արժեքը կազմել է 3 մլն 940 հազար դրամ:
Զգալի ավելացել են նաեւ բանկային հաշիվների մնացորդները։ Այսպիսով՝ Սարգսյանը 2023 թ. համար հայտարարագրել էր ընդհանուր 10 միլիոն դրամից ավելի կազմող երկու բանկային հաշիվներ: Դա մոտ 8 միլիոն դրամով ավելին է քան մեկ տարի առաջ հայտարարագրածը: 2022 թ. պաշտոնյան հայտարարագրել էր ընդամենը 2 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրա նախորդած տարում ընդամենը 1 միլիոն 450 հազար դրամ: Սարգսյանը 2023 թվականի ընթացքում իր ղեկավարած Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից ստացել է 14 միլիոն 700 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ 2022 թվականին Սարգսյանի վարձատրությունը՝ որպես Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի վարձատրություն, կազմել է 8 միլիոն 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի N 837-Ա որոշմամբ Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում գեղեցիկ շենքը, որը խորհրդային ժամանակների հրդեհից մնացել էր որպես շրջգործկոմի` այրված պատերով շինություն, մոտ 10 տարի առաջ նորոգվեց, վերագործարկվեց, բացվեց որպես Տավուշի հարկային տեսչության կառույց։ Դրա բացումը կայացավ մեծ հանդիսավորությամբ։ Այժմ այդ շենքի միայն առաջին հարկում են աշխատում, երկրորդ հարկը դատարկ է։ Մոտ կես տարի առաջ Տավուշի հարկային տեսչության ստուգողների ու օպերատիվ-հետախուզական բաժինները տեղափոխվել են Երեւան` ՊԵԿ վարչություն։ Իջեւանում գործում է միայն սպասարկման բաժինը։ Այդ բաժնում Տավուշի մարզի հարկատուներին սպասարկում է պետական եկամուտների կոմիտեի 15 աշխատակից։ Կենտրոնացման նույն գործընթացը կատարվել է բոլոր մարզերում։ Փոխանակ գերհագեցած Երեւանը բեռնաթափեն` ավելի են մեծացնում` մարզերում աշխատատեղերը, հաստիքները տեղափոխելով Երեւան։
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՀԱՏՎԱԾ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
2024 թ. մայիսի 27-ի ջրհեղեղի, Աղստեւ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի տարածքի մի քանի հատվածներում ճանապարհի եզրը քանդվել է։ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին` Դիլիջանի «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, ավտոճանապարհի եզրը մեծ երկարությամբ քանդված էր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մեր տեղեկատվակական հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ մինչեւ 2024 թվականի վերջ «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ քանդված ճանապարհահատվածը կվերականգնվի։ Տարին ավարտվեց, սակայն ճանապարհի եզրի վերականգնումը շարունակվում էր։ Ներկա դրությամբ այդ հատվածում ավտոճանապարհի եզրի նորոգումն ավարտված է, սակայն դրան կից ճանապարհի ասֆալտի ծածկը չեն նորոգել, տեղադրված են արագության սահմանափակման ճանապարհային նշաններ։ 2024թ. մայիսի 27-ի ջրհեղեղից քանդված մեծ հատված կա նաեւ միջպետական ավտոճանապարհի Թեղուտ գյուղի եզրով ձգվող տարածքում։ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի շենքի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին, Աղստեւ գետի ձախ ափին ջրհեղեղից վնասված մեծ տարածք կա, որը պատել են խճաքարերով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով մեր թղթակցի ուղարկած տեղեկատվական հարցմանը, հայտնել է, որ բնական տարերքից վնասված, միջպետական ավտոճանապարհին հարակից վերոհիշյալ հատվածների վերանորոգումը կկատարվի այս տարվա գարնանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ