
Հայկ Հայկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է իրեն վստահված՝ իր տնօրինմանը փաստացի եւ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված խոշոր եւ առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակություն։
Հայկ Հայկի Պետրոսյանը, հանդիսանալով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն, 2017 թվականի մայիսի 11-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում հավատարմագրային կառավարում իրականացնող «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Երվանդի Զախարյանին նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով իր՝ թիվ 106 հրամանի համաձայն, ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրել է աշխատանքի՝ որպես գերձայնային հետազոտության բժիշկ, կոնսուլտանտ այն դեպքում, երբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության հաստիքացուցակում նման հաստիք նախատեսված չի եղել եւ վերջինիս հրամանագրված լինելու ժամանակահատվածում նրա անվամբ լրացուցիչ հաշվարկվել եւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բյուջեից վճարվել է 4.486.560 ՀՀ դրամ աշխատավարձ:
Գայանե Երվանդի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Հայկ Հայկի Պետրոսյանին` վերջինի կողմից իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրեն վստահված՝ իր տնօրինմանը փաստացի եւ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված խոշոր չափի գույքի հափշտակություն կատարելուն։
Գարիկ Նիկոլայի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Հայկ Հայկի Պետրոսյանին` վերջինի կողմից իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրեն վստահված՝ իր տնօրինմանը փաստացի եւ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն կատարելուն։
Հայկ Հայկի Պետրոսյանը, հանդիսանալով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն, 2014 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում որպես ավագ վարորդ հրամանագրված Գարիկ Նիկոլայի Ավետիսյանին ավտոմեքենա չի կցագրել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել եւ վառելանյութ չի հատկացվել, իսկ Գ.Ավետիսյանը «Մեդիքալ Ինվեստ» ՍՊ ընկերության հավատարմագրային կառավարիչ Գայանե Զախարյանի կողմից վերջինին տրամադրված «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 70 ՏՏ 303 հաշվառման համարանիշի ավտոմեքենան շահագործել է Գ. Զախարյանի անձնական կարիքների համար, մինչդեռ հաշվարկվել ու «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բյուջեից Գ. Ավետիսյանին է վճարվել 10.004.931 ՀՀ դրամ աշխատավարձ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼ
Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակով փողոցի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, առկա են կրակված պարկուճներ, նույն փողոցի մեկ այլ շենքի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա առկա է կրակոցի հետք:
Դեպքի փաստով նույն օրը փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասի, 264 հոդվածի 1-ին մասի եւ 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Լ. Հ.-ին, 19-ամյա Վ. Ա.-ի կողմից նեղացնելու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու վերաբերյալ փետրվարի 8-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի մոտ իրար հետ հանդիպել են Լ. Հ.-ն, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Գ. Կ.-ն, 33-ամյա Ա. Ա.-ն եւ Վ. Ա.-ն, վերջինիս պապ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Ս.Գ.-ն, 17-ամյա Թ. Բ.-ն, որի ժամանակ վերջիններս վիճաբանել եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում Վ. Ա.-ն իր մոտ պահվող դեռեւս չպարզված ապօրինի ատրճանակից կրակոցներ է հնչեցրել Իսակովի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գործող վարսավիրանոցի ուղղությամբ, ինչին ի պատասխան էլ Ա. Ա.-ն, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից նույնպես հնչեցրել է կրակոցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 2 փամփուշտ, գազային ատրճանակի 1 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի գնդակ, «Մակարով» տիպի ատրճանակի 3 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի չկրակված փամփուշտ, ինչպես նաեւ հայտնաբերվել է նույն փողոցի շենքերից մեկի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնախցիկի վրա կրակոցի հետքով, որը քննիչի որոշմամբ տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որոնց նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումը եւ մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։ Վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի համար։ Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։