Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Գորիս» նստավայրում երեկ տեղի ունեցավ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Արթուր Ոսկանյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիրան Խաչատրյանը ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։ Դատավոր Արթուր Ոսկանյանը նիստի սկզբում անդրադառնալով իր բացարկի հարցին, ասել է, որ մեղադրյալի հետ շուրջ 5 տարի առաջ միջոցառման է մասնակցել։
Մեղադրյալ Տիրան Խաչատրյանի պաշտպանը նիստի սկզբում հետեւյալ հարցը բարձրացրեց՝ որտեղ է կատարվել ենթադրյալ հանցանքը, ՀՀ-ո՞ւմ, թե՞ ՀՀ-ից դուրս։ «Որտեղ է կատարվել՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ, ըստ մեղադրական եզրակացության՝ կատարվել է Լեռնային Ղարաբաղում, խնդրում եմ պարզաբանել՝ դա ՀՀ-ում տարածքի ներսում կատարված գործողությո՞ւն, թե՞ ՀՀ տարածքից դուրս կատարված գործողություն է։ Այդ հարցը պետք է մեղադրանքի կողմից հարցնել, պետք է հասկանանք՝ սա ՀՀ-ի տարածքն է, Դուք իրավասություն ունեք արդյոք այս գործը քննելու, թե բնակության վայրով պիտի քննվի, թե արձանագրվի, որ ՀՀ տարածքից դուրս է»,- ասել է պաշտպանը։ Նախագահող դատավորը կողմերին հայտնել է, որ ՀՀ դատարանն իրավազոր է քննելու նշված վարույթը, մասնավորապես ԼՂ-ի տարածքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործը, հետեւաբար այդ հիմքով որեւէ խախտում առկա չէ։
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպանները միջնորդեցին կիրառել տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ։ Մինչ այդ պաշտպանության կողմին հարց է ուղղվել, թե Խաչատրյանն ի վիճակի՞ է վճարել գրավի 10 մլն դրամ գումարը։ Փաստաբանն ասել է, որ ոչ թե Խաչատրյանն է վճարելու, այլ նրա ընկերները։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշել է փոխել Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը՝ վերջինիս նկատմամբ կիրառելով գրավ՝ 10 մլն դրամի տեսքով, բացի դրանից, սահմանվել է նաեւ բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանն այս տարվա հունվարի 4-ին ձերբակալվել էր, ապա կալանավորվել։
Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Տիրան Խաչատրյանը հայտնվում է իրավապահների տեսադաշտում։ 2024 թվականին ռեստորաններից մեկում կրակոցներ էին հնչել. կրակողը եղել էր Տ. Խաչատրյանը, որը կռվի մեջ էր հայտնվել արցախցիների հետ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
41 ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾ
Երեւանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Հայաստանի եւ Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում։ Ձերբակալվածների թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներ։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 մեքենա եւ տարբեր երկրների արժույթ։ Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։ Քննությունը շարունակվում է։
ԴԻ՝ ԼՈԳԱՐԱՆՈՒՄ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ աղջկա դի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքանյին ոստիկանության ավագ տեսուչ Տեր-Մարգարյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Արմինե Ո.-ն է, ում տանը՝ լոգարանում, հայտնաբերել են հարազատները՝ մահացած վիճակում: Հիվանդանոցից դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որտեղ արդեն տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Ն. Քասյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԿՈՏՐԵԼ ԵՆ ԴՌՆԵՐԸ
ՌԴ-ում երկու տղամարդ, որոնք ուշացել էին դեպի Բրատսկ թռիչքից, Նովոսիբիրսկի օդանավակայանում վազել են S7 Embraer 170 ինքնաթիռի հետեւից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ Ուղեւորները ուշացել են գրանցումից, բայց այնուամենայնիվ չեն հանձնվել ու որոշել են անպայման ինքնաթիռ նստել։ Նրանք կոտրել են ելքի դուռը, ինչից հետո միացել է տագնապի ազդանշանը եւ դուրս են վազել դեպի օդանավակայանի հարթակ։ Սակայն նրանք չեն հասցրել հասնել ինքնաթիռին, քանի որ նրանց բերման են ենթարկել անվտանգության աշխատակիցները։ Բերման ենթարկվածներն են 37-ամյա Անդրանիկ Տ.-ն եւ 42-ամյա Սպարտակ Տ.-ն: Օրինախախտներին վերադարձրել են օդանավակայանի տերմինալի շենք, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն 5,000 ռուբլի տուգանք։



















































































