ԱՅԴ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍՅՈՒՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սյունյաց երկիր» մարզային թերթի երեկվա համարում «Ո՞վ է, ի վերջո, Սիլվա Համբարձումյանը» վերնագրի եւ «Խորհրդավոր Սյունիք» վերտառության ներքո մի հոդված էր տպագրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ «հայտնի» հարաբերություններ ունեցող Սիլվա Համբարձումյանի մասին:
Այսպես. Սյունիքի մարզպետարանի վարչության պետի կողմից տրամադրված տվյալների համաձայն` 2008 թվականին մարզի մոտ 12 համայնքներում` Սրաշենում, Լեռնաձորում, Նռնաձորում, Շվանիձորում եւ այլուր,  մոտ 13.500 հա հողերը մատչելի գներով վարձակալության են տրվել Սիլվային պատկանող «Գ.Արշակյան», «Լուլիար», «Հանքաբուրգ» ընկերություններին, եւ ըստ պայմանագրի` Համբարձումյանը պետք է դրա համար տարեկան վճարեր 47 միլիոն 746 հազար դրամ: Սակայն որոշ ժամանակ անց ընկերություններից «Գ.Արշակյան»-ը չի վճարել, եւ 2011 թվականի հոկտեմբերի դրությամբ պարտքի գումարը` տույժ-տուգանքներով, կազմել է 85 միլիոն 354 հազար դրամ: Սյունիքյան հանրության անունից լրագրող Սամվել Ալեքսանյանը եւս մեկ հարց է բարձրացնում. «Խոսքը Լիճվազք-Թեյի եւ Տերտերասարի» ոսկու հանքավայրերի շահագործման լիզենզիան տնօրինող «Սիփան-1»-ի նախկին սեփականատիրոջ հետ տեղի ունեցածի մասին է», որին, ըստ թերթի, Հայաստանից քշել են, իսկ դրանից հետո ընկերության սեփականատերեր են դարձել Սիլվան ու ինչ-որ հնդիկներ: Մի խոսքով, «ինչպե՞ս պատահեց այդ ամենը»:  
«Ծանոթացումները», ինչպես ներկայացված է, նաեւ «հանքարդյունաբերության ոլորտում «40 տարվա մանկավարժ», այսինքն` աշխատանքային փորձ ունեցող Արմո Ադամյանինն են, ով ավելի վաղ «Սյունյաց երկրին» խիստ խոսուն վերնագրով հարցազրույց էր տվել` «Մաքիավելիզմ. Մեղրու ոսկու հանքավայրերի համար տուրուդմփոցը նոր փուլ է թեւակոխում»:
Հոդվածը վերջանում է ոչ պակաս պերճախոս հարցով եւ «տարակույսներով», թե այդ ինչպես եղավ, որ Սյունիքի մարզպետարանն ու էներգետիկայի նախարարությունը «խոնարհ խոլապար» են պարել Սիլվա Համբարձումյանի դուդուկի ներքո:
Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախքան լիցենզիայից իրեն զրկելը, հողերի համար ժամանակին վճարել է, սակայն երբ լիցենզիայից զրկվել է, գյուղապետերին ուղարկել է պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ, իսկ գյուղապետերն էլ, մի մասը չհասկանալով «լուծելը», մի մասն էլ այլ պատճառներով չեն լուծել: Ներկայումս էլ այդ գործը դատական ատյաններում է: Ինչ վերաբերում է հիշատակված հնդիկին, ապա նա Լիճվազք-Թեյի լիցենզիան ավարտվելուց հետո, ըստ տիկին Սիլվայի, ասել է. «Քանի դեռ շատ չեմ խորացե, ես գնամ ստեղից»:
Տիկինը հավելեց նաեւ, որ «Սյունյաց երկիր»-ն իրեն պարտք է, եւ ինքն արդեն դիմել է փաստաբաններին` թերթին դատի տալու համար: «Անկեղծ ասած, չեմ էլ հիշում` ինչի համար. հարցը փողը չէ, մանավանդ, որ մեծ թվեր էլ չեն, բայց որ ինքն իրեն վատ է պահում, ասել եմ, որ հասկանա, հենց նեղն  ընկնում ա, գալիս ա, մի հատ էլ լավ հոդված է գրել մի քանի ամիս առաջ, ես չեմ սիրում տենց բաներ, ես որ օգնել եմ, չեմ օգնել, որ իմ մասին լավ բաներ գրի»:

Ա. Դ.




Լրահոս