Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ «Հայաստանում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրին:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Ռուս-Հայկական համալսարանի կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով:

Համաձայնագրում ներառվել է դրույթ Համալսարանի հիմքի վրա Հայաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին:

Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ ՌԴ բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։

Համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են Համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Ռեկտորն ընտրվում է Կառավարման խորհրդի կողմից Կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է Լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել Ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։

Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու Համալսարանի Հիմնադիրների անունից գործող Հայկական Կողմից Լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

Որպես Լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը:




Լրահոս