«Նոր ընդունվող Սահմանադրության տեքստը կեղծ օրակարգ է, և մենք այդ գործընթացին չենք մասնակցում». Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հայկական քաղաքական դաշտում ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսության վերաբերյալ ուղերձներ: Քաղաքական դաշտում լրացուցիչ ակտիվություն մտցրեց հատկապես վարչապետի պնդումը՝ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:

Վարչապետի ուղերձի, գաղափարախոսության և հնարավոր նոր Սահմանադրության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Ըստ Անի Սամսոնյանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձում չկար գաղափարախոսություն, դա, գործչի համոզմամբ, Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում արված ձախողումների և պարտությունների արդարացման շարադրանքն էր:

Ըստ ArmLur.am-ի զրուցակցի դիտարկման՝ «չկա որևէ գաղափարախոսություն, որը կարող է հիմք դառնալ Սահմանադրության նոր տեքստ ընդունելու համար»:

Սամսոնյանը կիսում է այս ընթացքում շատ հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված մտավախությունը, որ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը գալիս է ադրբեջանական պահանջներից:

Սամսոնյանը հիշեցնում է, որ նախկինում կար սահմանադրական փոփոխությունների օրակարգ, դեռ 2018թ հեղափոխությունից հետո, որը հիմնականում բարձրաձայնվում էր այդ շրջանում ընդդիմադիրների կողմից: Այդ օրակարգը բարձրացնում էին, քանի որ 2015թ ընդունված Սահմանադրական փոփոխությունները, ըստ Սամսոնյանի, կատարվել էին Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական համակարգի» համար: Սակայն իշխանությունները չունեին բավարար կամք հրաժարվելու «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից»: Հիշեցնում է, որ նախկինում էլ ստեղծվել են մի քանի հանձնաժողովներ, բայց առանց որոշակի տեսանելի արդյունքի:

Սակայն «երբ Ադրբեջանը բաց տեքստով սկսեց պահանջել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, իշխանությունները նորից սկսեցին խոսել Սահմանադրության մասին, բայց արդեն ոչ թե փոփոխությունների, այլ Սահմանադրության նոր տեքստ ընդունելու»:

Այս գործընթացը տարվում է, քանի որ Ադրբեջանի պահանջը վերաբերում է ոչ թե սահմանադրական փոփոխություններին, այլ լրիվ նոր Սահմանադրության տեքստ ընդունելուն, առանց Սահմանադրության նախաբանի, որում հղում կա անկախության հռչակագրին:

«Հետևաբար հայ ժողովուրդը չպետք է կատարի այդ պահանջը և չպետք է մասնակցի այդ գործընթացին»,- եզրակացնում է Անի Սամսոնյանը:

Անի Սամսոնյանը քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է անում վարվել այնպես, ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարվում էր 2015թ Սահմանադրական փոփոխությունների նպատակով արվող քարոզարշավի ընթացքում՝ անվանելով դա կեղծ օրակարգ և չմասնակցելով դրան:

«Հիմա մենք բոլորս պետք է լսենք Նիկոլ Փաշինյանին, և ասենք, որ նոր ընդունվող Սահմանադրության տեքստը կեղծ օրակարգ է, և մենք այդ գործընթացին չենք մասնակցում»- նշեց Անի Սամսոնյանը:

Արմեն Խեչումյան




Լրահոս