
Ամբողջ աշխարհը գրաված iPhone-ը շարունակում է ցնցել բրենդի երկրպագուներին։
Բոլորովին վերջերս թողարկված iPhone 16-ի շուրջ առաջացած հետաքրքրությունը դեռ չմարած, արդեն հերթը iPhone 17-ինն է։
Apple ապրանքանիշն այս անգամ ևս կենտրոնացել է դիզայնի վրա։ Նոր iPhone 17-ն ունենալու է աներևակայելի բարակություն, սակայն այդ բարակության հաշվին Apple-ը պատրաստ է հրաժարվել մի քանի հիմնական գործառույթներից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ iPhone 17-ը կարող է զրկվել ներքին բարձրախոսից, գերստորածայնային տեսախցիկից և ֆիզիկական SIM քարտի բնիկից։
Համացանցում հրապարակված 3D-ռենդերները հաստատում են այն հանգամանքը, որ նոր iPhone-ը հրաժարվում է ներքին բարձրախոսից։
Նոր iPhone-ի տեսախցիկներից հեռացվելու է նաև 0,5x ռեժիմով լուսանկարելու հնարավորությունը, սակայն 1x և 2x տարբերակները լինելու են։
SIM քարտերից հրաժարվելը 2022 թվականից կարելի է ասել դարձել է «ավանդույթ» Apple ապրանքանիշի համար և առաջին այֆոնը, որը հնարավորություն է ունեցել առանց SIM քարտի աշխատելու, եղել է iPhone 14-ը։
Այսպիսով, Apple ապրանքանիշը մտադիր է iPhone 17 Air-ի բոլոր տարբերակներից հեռացնել SIM քարտի բնիկը։
iPhone 17-ի մասին հայտարարությունը հավանաբար կարվի սեպտեմբեր ամսին, ինչպես արվում է ավանդաբար, սակայն պատրա՞ստ են արդյոք iPhone-ի սիրահարները նոր փոփոխություններով բջջայինն օգատգործել, թե ոչ, դա միայն կպարզի ժամանակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան