Կարող է տարօրինակ թվալ, բայց Ծաղկաձորում զբոսնելու տեղ չկա, հանգստյան տներ են և այլ պարփակված տարածքներ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտից 6-ի նիստում հաստատեց «Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» որոշումը։

«Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հա մակերեսով հողամասը նվիրաբերել ՀՀ Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով՝ միաժամանակ ընդունելով Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը ՀՀ-ին»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկով, համաձայն որի՝ նախատեսվում է մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում։

«Նախագծով սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 610 քմ մակերեսով հողամասը նվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին և քաղաքային զբոսայգին։

Ընդհանուր առմամբ նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, նախատեսվում է այդ 5 շինություններն ապամոնտաժել, կառուցել 2 նորը. 1-ում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում՝ թատրոնը. դրանց կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կլինեն ավտոկայանատեղիներ 110-200 տրանսպորտային միջոցների համար, իսկ 2 հա-ը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար»,- նշեց Արմեն Սիմոնյանը։

«Կարող է տարօրինակ թվալ, բայց Ծաղկաձորում զբոսնելու տեղ չկա հանրային, որովհետև հանգստյան տներ են և այլ պարփակված տարածքներ, և զբոսայգի ունենալը շատ կարևոր է, և հույս ունեմ, որ կհետևենք, որ զբոսայգիների նախագծերը լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող, համենայն դեպս՝ համայնքի ստանձնած ներդրման ծավալը թույլ է տալիս, որ պատշաճ մակարդակի ենթակառուցվածք ունենանք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Լրահոս