Armenian text to speach

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՆՈՐԱ»-Ն՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։

 

Ինչպես հայտնի է, «Անորա»-ում դերակատարում ունեին նաեւ հայ արտիստներ` Վաչե Թովմասյանը եւ Կարեն Կարագուլյանը, իսկ ֆիլմը, որը նոմինացված էր 6 անվանակարգերում, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» եւ «լավագույն մոնտաժ»։

Եվ այսպես, «լավագույն ֆիլմ» անվանակարգում  «Անորա»-ի հետ առաջադրվել էին Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը», Ջեյմս Մենգոլդի «Բոլորին անհայտը», Էդվարդ Բերգերի «Կոնկլավ»-ը։ «Լավագույն ֆիլմ»-ի տիտղոսին էին հավակնում նաեւ «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները», «Չարը» ֆիլմերը։

Լավագույն դերասան է ճանաչվել Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Այս անվանակարգում առաջադրված էին նաեւ Թիմոթի Շալամեն «Բոլորին անհայտը» ֆիլմում հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին մարմնավորելու համար, Ռեյֆ Ֆեյնսը «Կոնկլավ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար, Սեբաստիան Ստենը «Աշակերտը» ֆիլմում Դոնալդ Թրամփին մարմնավորելու համար եւ Կալման Դոմինգոն «Սինգ-սինգ» ֆիլմում գլխավոր դերի համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մեյքի Մեդիսոնը («Անորա»): Տվյալ անվանակարգում առաջադրված էին նաեւ Դեմի Մուրը («Սուբստանցիա»), Սինտիա Էրիվոն («Չարը»), Կառլա Սոֆիա Գասկոնը («Էմիլիա Պերես»), Ֆեռնանդա Տոռեսը («Ես դեռ այստեղ եմ»)։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Շոն Բեյքերն իր «Անորա» ֆիլմի համար։ Այս անվանակարգում առաջադրված էին նաեւ Բրեյդի Քորբեթը «Բրուտալիստը», Կորալի Ֆարժան «Սուբստանցիա», Ջեյմս Մենգոլդը «Բոլորին անհայտը», Ժակ Օդիարը «Էմիլիա Պերես» ֆիլմերի համար։

Լավագույն երկրորդ պլանի դերասան է ճանաչվել Քիրան Քալկինը («Իրական ցավ»), իսկ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ Զոյի Սալդանան («Էմիլիա Պերես»)։

«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում եւս հաղթող է ճանաչվել «Անորա»-ն, որն այս մրցանակի համար պայքարում էր «Բրուտալիստը», «Իրական ցավ», «Սեպտեմբերի 5», «Սուբստանցիա» ֆիլմերի հետ։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կոնկլավ»-ը։ Այս մրցանակին էին հավակնում նաեւ «Բոլորին անհայտը», «Էմիլիա Պերես», «Նիկելե տղաները», «Սինգ-սինգ» ֆիլմերը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակը շնորհվել է «Ես դեռ այստեղ եմ» (Բրազիլիա) ֆիլմին: Այս անվանակարգում առաջադրված էին  «Ասեղով աղջիկը» (Դանիա), «Էմիլիա Պերես» (Ֆրանսիա), «Սուրբ թզի սերմը» (Գերմանիա) ֆիլմերը եւ «Հոսք» անիմացիոն ֆիլմը (Լատվիա)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը շնորհվել է «Հոսք»-ին։ Այս անվանակարգում առաջադրված էին նաեւ «Գլուխկոտրուկ 2», «Խխունջի հուշերը», «Ուոլես եւ Գրոմիթ. ամենավայրի վրեժը», «Վայրի Ռոբոտ» անիմացիոն ֆիլմերը։

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Բրուտալիստ»-ին։ Այս մրցանակին էին հավակնում նաեւ «Կոնկլավ», «Էմիլիա Պերես», «Չարը» ֆիլմերը եւ «Վայրի ռոբոտ» անիմացիոն ֆիլմը։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՄԵԾ ՊԱՀՔԸ ՍԿՍՎԵԼ Է

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, աննկուն մնալու հավատով ու ոգով եւ ապրելու Աստծո պատվիրաններով: Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Մեծ պահքի մեկնարկի առիթով իր ուղերձում:

«Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով եւ ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։ Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին եւ Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաեւ, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները եւ դառնալու զորեղ ազգ ու պետություն։ Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք եւ շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, եւ բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս եւ ի սփյուռս, այսօր եւ միշտ. ամեն»,- ասված է վեհափառի ուղերձում:

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով 2025 թվականի մարտի 3-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Սուրբ Հարության (Զատիկ) տոնը ապրիլի 20-ին է:

 

 

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԸ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը: Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է՝ մինչեւ տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

 

ՄԱՍԿԵՐԱՆՈՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Հյուսթոն Դինամոյի» հետ MLS-ի արտագնա հանդիպման հայտացուցակում չընդգրկվելը։ Այս խաղում հյուրերը հաղթել են 4։1 հաշվով։ «Ինչ վերաբերում է Լեոյին, իհարկե, մենք խոսել ենք այդ մասին, եւ ես միշտ նույնն եմ կրկնում. չկա մեկը, ես չգիտեմ մեկ խաղացողի աշխարհում, ով հասկանա նրա մարմինը, ինչպես Լեոն: Վեց օրվա ընթացքում երեք հանդիպումից հետո մենք մտածեցինք, որ լավագույնը կլինի նրան մի փոքր հանգստանալու հնարավորություն տալ, հատկապես ճանապարհորդության ժամանակ, որը տեւում է 2,5-ից 3 ժամ»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականի ավարտը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 մլն եվրո։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է զիջումների գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Այս մասին հայտնում է COPE-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին կհամաձայնի ցածր աշխատավարձին՝ «Բլաուգրանային» միանալու համար: Նշվում է, որ ֆուտբոլիստի այս որոշումը զգալիորեն կմեծացնի տրանսֆերի հավանականությունը՝ հաշվի առնելով «կապտանռնագույնների» ֆինանսական սահմանափակումները: Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 186 հանդիպման, որոնցում դարձել է 105 գոլի եւ 76 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոն մեկնաբանել է Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում «Լացիոյից» կրած պարտությունը (1:2). «Առաջին անգամ էի մարզվում նման մթնոլորտում: Պատահում է, որ քո թիմը չի կարողանում տիրել գնդակին կամ ճշգրիտ փոխանցում կատարել։ Գործերն այնպես չեն դասավորվում։ Բայց նույնիսկ այս իրավիճակում թիմը բնավորություն ցույց տվեց։ Մենք ոչ-ոքի խաղացինք տասը հոգով եւ կարողացանք նույնիսկ հաղթանակ կորզել: Հետո այդ 11-մետրանոցը: Հիմա այս իրավիճակից միակ ելքը մեր պաշտպանած գույների համար աշխատելն ու պայքարելն է։ Եթե դա օգնի, ես պատրաստ եմ ավելի շատ աշխատել: Դրա համար ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Ավելին՝ ես ունեմ ֆուտբոլիստների լիակատար աջակցությունը»,- մարզչի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

 

 




Լրահոս