
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 27-ին դատարանը վճռել է. «Ճանաչել եւ հռչակել Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել` իրեն մեղսագրվող արարքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով:
Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, վերացնել:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված գույքային հայցը մերժել»:
Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ու պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է՝ 2,790,000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե: Սակայն այս մեղքը չի ապացուցվել դատարանում եւ, փաստորեն, ընդդիմադիր գործիչների ընտանիքների նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակում իրականացված հետապնդումները անարդյունավետ ծախս են դարձել բյուջեի վրա: Քննիչը, դատախազը տարիներ շարունակ քննել են գործը անիմաստ:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության գինը վճարում են հպարտ հարկատուները:
Մարտի 30-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, Գյումրին չի ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Բանն այն է, որ տարբեր կենտրոններից պատվիրված սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50% + 1 ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել այլ ուժի հետ: Ըստ մեզ հասնող տեղեկությունների, իսկ դրանք հիմնված են սոցհարցումների վրա, 1-ին տեղում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը 30-35 տոկոսին մոտ ձայներով, երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, շուրջ 25-30 տոկոս ձայներով: Ըստ այդմ, եւս երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը։ Բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժերի տոկոսային տարբերությունը շատ մեծ է։ Նշանակում է, որ ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը, ու քանի որ, ըստ այդ հարցումների, շեմը հնարավոր հաղթահարող ուժերը բացառապես ընդդիմադիր դաշտից են, անհնար է, որ միավորվեն ՔՊ-ի հետ, այն էլ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ: Դա ցանկացած ընդդիմադիրի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն մեծ ընտրություններից առաջ։ Ի՞նչ կանխատեսել. ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձեւավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին։ Կամ գուցե պայմանավորվեն ռոտացիայի (փոխատեղման) մասին:
Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. թվեր
Այս տարի եւս Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հարեւան 4 երկրներից զիջում է միայն Վրաստանին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վարկանիշային դիրքի նահանջը բոլոր հարեւաններից ավելի մեծ է։ Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված «Տնտեսական ազատություն ինդեքս-2025» ամենամյա զեկույցի՝ 2025թ.-ին ՀՀ տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 65.4 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշից 0.5 միավորով ավելի, սակայն 6.5 միավորով պակաս, քան 2021-ի ցուցանիշը։
Նշենք, որ 3 տարի անընդմեջ նվազումից (ընդհանուր՝ 7 միավորով) հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել, սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։ Համաձայն մեթոդաբանության՝ ընթացիկ տարվա տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է նախորդ տարվա առաջին եւ նախանախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալների հիման վրա. այսինքն՝ 2021-ի տնտեսական ազատության ինդեքսը, որը հաշվարկվել է 2019-ի երկրորդ եւ 2020-ի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա, նախահամավարակային է։ Ուստի կարելի է ասել, որ Հայաստանի վերականգնման տեմպերը զգալիորեն զիջում են աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների վերականգնման միջին տեմպերին։
Ի դեպ, Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 57-րդն է։ Վարկանիշային այդ աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով՝ չնայած այն բանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառը կրկին այն է, որ ինդեքսի աճը էապես զիջում է աշխարհի եւ բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերին։
Բացի Հայաստանից՝ եվրոպական տարածաշրջանի (որում ընդգրկված է նաեւ Հայաստանը) եւս 38 երկրների տնտեսական ազատության ինդեքսն (ՏԱԻ) աճել է, ընդ որում նրանցից 31-ի ՏԱԻ-ի աճն ավելի մեծ է, քան Հայաստանինը։
Իսկ «Եվրոպա» տարածաշրջանի վարկանիշային աղյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։
«Շուկայի բացություն» խմբի բոլոր 3 ենթաինդեքսների գծով զգալի նվազում է արձանագրվել։
Խմբի 2 ենթաինդեքսները նվազելով հասել են տնտեսական ազատության համապատասխան միջակայքի նվազագույն շեմային արժեքին։
Իսկ վերջին 1 տարվա ընթացքում «Ֆինանսական ազատություն» ենթաինդեքսը նվազել է միանգամից 10 միավորով, ինչի արդյունքում Հայաստանը դրա գծով «հիմնականում ազատ» երկրների խմբից նահանջել է «չափավոր ազատ» երկրների խումբ։
Ի՞նչ պահանջներ են ներկայացվել «Դոմուս»-ին մինչեւ մեծ հրդեհը. մութ կետեր
2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։
Դատելով իրավիճակից՝ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհը տեսչական մարմինը «Դոմուս»-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք առնչվել են անվտանգության կանոններին: Փաստացի, երկու կողմերը իրար չեն հասկացել, եւ դրանից հետո «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվեց մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունը՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք եւ այլն։ Բարեբախտաբար, տուժած անձինք չկային:
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա եւ հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետեւանքով:
Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ամիսներ շարունակ, ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է, իսկ «Դոմուս»-ի սեփականատերերը դատարաններում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ։