
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը խաղաղության հասնելու ճանապարհին և հույս հայտնել, որ կողմերը արագ կստորագրեն համաձայնագիրը։
Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք առաջընթացը, որը Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ համաձայնագիրն արագ կստորագրվի։ Վերջին զարգացումները կարևոր քայլ են տարածաշրջանի կայունության և բարգավաճման տեսանկյունից»,- ասված է Չեխիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։