Իրավապահները հետախուզում են հայտարարել նախկին պատգամավորի և որդիների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

ArmLur.am-ի քաջատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի և նրա որդիների` Արտակի և Քաջիկի (ԲՀԿ նախկին պատգամավոր) նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հետախուզվում է նաև ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի` յուվեցի Կարոյի որդին` Վիլեն Կարապետյանը: Նրանք անցնում են գազագողության բանդայի գործով, որը բացահայտել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

Տեղեկացրել էինք, որ 8-9 ամիս է, ինչ այս անձիք գլխավորել են հանցախումբ, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ամսեկան 1.5 մլն դոլարի գազ են գողանում ու նաև պետության նկատմամբ հարկային պարտավորությունները չեն կատարում: Ճիշտ է, երեք տասնյակից ավել գազալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցված է այս պահին Քննչական կոմիտեի կողմից, սակայն ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս կան լցակայաններ, որոնք տարբեր մեքենայություններով գազագողությունը շարունակում են:

Կարո Կարապետյանի որդին

Տեղեկացնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցված պաշտոնական տեղեկության համաձայն, մի շարք գազալցակայանների սեփականատեր Վիլեն Կարապետյանի (նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդի) կողմից 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չեն վճարվել: Վիլենը ,,մի խումբ անձանց հետ հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու եղանակով, ինչպես նաև նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում անելով կեղծ հաշվետվություններ են կազմել,,: Ըստ քննչականի, ապօրինի գործընթացն իրականացվել է Կարապետյանին պատկանող թվով 18 գազալցակայաններում: Բայց ներկայացված 1 մլրդ 272 մլն դրամը միայն պետության չվճարված հարկերն են, իսկ Գազպրոմ Արմենիայի կրած վնասների մասին Քննչականը ոչինչ չի հայտնել:

Նահապետ Գևորգյանի և որդիների խումբը․

Ինչ վերաբերում է Նահապետ Գևորգյանի, նրա որդիների` Արտակ և Քաջիկ Գևորգյանների և նրանց ընկերությունների տնօրեն Արմենի գործունեությանը, ապա նրանք, ըստ Քննչական կոմիտեի, ,,1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չեն վճարել` ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու եղանակով։ Նահապետ Գևորգյանի կողմից հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում,,։ Այս դեպքում էլ 1 մլրդ 79 մլն դրամը միայն հարկերից խուսափելու թիվն է` Գազպրոմի վնասները հաշվարկված չեն:
Հավելենք, որ այս գործի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները: Ովքեր են նրանք, Քննչականը չի բացահայտում. թեեւ մեկ շաբաթ է արդեն ArmLur.am-ը հարցումներ է ուղարկել:

Ինչպես բանդան փախավ երկրից․

ArmLur.am-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նահապետ Գևորգյանը, երկու որդիները` Քաջիկն ու Արտակը և տնօրեն Արմենը (որը համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է, ըստ գործի նյութերի) վարույթի հարուցումից հետո կարողացել են դուրս գալ երկրից անարգել Վրաստան-Հայաստան ճանապարհով: Թե այս պահին որտեղ են, անհայտ է, ինչպես են կարողացել փախչել երկրից, էլի անհայտ է, ArmLur.am-ի այս հարցումներին իրավապահները դեռ չեն պատասխանել:
Իսկ ինչ վերաբերում է Վիլեն Կարապետյանին` Կարո Կարապետյանի որդուն, ապա նա վարույթի հարուցումից հետո անխոչընդոտ թռել է երկրից և հասցրել հանգրվանել Իսպանիայում (օրեր առաջվա տվյալներ են. Ք. Մ.):
Ավելին, ArmLur.am-ին հաջողվեց իր լավատեղյակ աղբյուրներից պարզել նաև, որ Վիլեն Կարապետյանը հեռվից ,,գործարք է առաջարկել,, իրավապահներին. մոտավորապես այսպես. խելամիտ տուգանք նշանակեք, վճարեմ, վերադառնամ Հայաստան, բայց իմանալով, որ իր մասով միայն հարկային չարաշահումների թիվը անցնում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարը, հրաժարվել է ներկայանալ նախաքննական մարմին կամ վճարել տուգանքները:
Ահա այսպես, 50 քննիչ շարունակում են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի բացահայտած բանդայի գործի քննությունը, սակայն այդ ընթացքում և գլխավոր դերակատարները հասցրեցին փախչել երկրից, իսկ գազագողությունն էլ դեռ շարունակվում է:

Շարունակելի․․․

Քնար Մանուկյան




Լրահոս