Վարչապետը չպետք է վարձկան լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղջ մթնոլորտից հոգնել են բոլորը, և քաղաքականությունը, որ ներկայացում է, պետք է հետաքրքիր լինի. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ ներկայացումը հետաքրքրանում է:

«Սերժ Սարգսյանը, կարծես, ասաց, որ նոր բան է առաջարկում, բայց եթե նորը չստացվի, հին տաշտակը կա ու կա: Ինչևէ, գաղջ մթնոլորտը կարծես անցնում է: Իսկ վարչապետը, իմ կարծիքով, չպետք է վարձկան լինի, և պետք է իրական պատասխանատվություն կրի»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումներին՝ Ազատ Արշակյանը նկատեց, որ երկրի նոր կարգավիճակն ուժերի միջև նոր հարաբերություններ է ենթադրում: «Հաշվի են առնվում այլոց կարծիքները: Նախագահի վրա մեծ պատասխանատվություն է ընկած, և նա կանչել էր մյուսներին՝ կիսելու այդ պատասխանատվությունը:

Միաժամանակ, կարող են քաղաքական անախորժություններ լինել, որոնք հիմնականում կհրահրվեն դրսից»,- ասաց նախկին պատգամավորը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ ընդդիմախոսների միջև կառուցողական հարաբերություններ կձևավորվեն: «Իսկական ընդդիմությունը հնարավորություն է ստանում հաջորդ ընտրություններին ավելին ստանալու: Միաժամանակ, ներկայիս ընդդիմությունն ընդիմություն չէ: Բացի այդ՝ եթե սա Սերժ Սարգսյանի հրաժեշտի սկիզբն է, ապա չորս տարին քիչ է ավերված երկիրը հաջորդին հանձնելու: Նա դեռ ժամանակ ունի՝ պատասխանատու դարձնելու իր թիմակիցներին»,- ասաց նա:




Լրահոս