«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդն է։
Հարկ է նշել, որ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:
168.am-ը գրել էր, որ «475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը եւ տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն 2024 թվականի առաջինից չորրորդ եռամսյակների ընթացքում:
Պայմանագիրը ստորագրել է «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը»:
Արշակ Օրդուխանյանի անունը շրջանառվեց եւ առավել հայտնի դարձավ արդեն 2018 թվականի թավշյա իրադարձություններից հետո: Տարածվեցին որոշ տեղեկություններ, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ի հետ առնչությունների մասին, որոնց բաց նամակով արձագանքեց Արշակ Օրդուխանյանը: Մամուլում հրապարակված նամակում մասնավորապես նշված էր. «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյա հեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, եւ որեւէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցություն եմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»:
Հետագայում նրա անունը հայտնվեց ՔՊ նախընտրական ցուցակներում, իսկ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:
Ի դեպ, Արշակ Օրդուխանյանը շարունակել է աջակցել եւ հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին, նա Երեւանի ավագանու ընտրություններից առաջ՝ դեռեւս 2023 թվականի հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲԱՔՎԻ ՆԻՍՏԻՑ
Երեկ Բաքվում ընթանում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացում տասից ավելի «տուժողներ» էին ցուցմունք տվել։ Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 3-ին։
ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով:
ՔԿ-Ի ՎԱՐՈՒՅԹՈՒՄ
Երեւանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից փորձեց ճշտել, թե վարույթ կա նախաձեռնված, թե ոչ։ Վերջինս հորդորեց ճշտել Քննչական կոմիտեից։ ArmLur.am-ին հաստատեցին, որ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՄՏԱԴԻՐ ՉԷ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովի կարծիքով՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ Վաշինգտոնի կոշտ հռետորաբանությունն օգտագործվում է կառույցի անդամ գործընկերներին խրախուսելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Կարծում եմ, որ որոշակի քաջություն կա ԱՄՆ-ի ներկա վարչակազմի հռետորաբանության մեջ եւ բառապաշարում: Կարծում եմ, որ դա մի տեսակ բանավոր մտրակի տարր է, որը կարող է օգտագործվել «ՆԱՏՕ-ական ձիուն» խթանելու համար», – ասել է ռուս դիվանագետը։



















































































