Գյումրիում իշխանական թե ընդդիմադիր ներկայացուցիչ կլինի քաղաքապետը՝ դեռ շարունակում է անորոշ մնալ։ Հանրությունը սպասում է, թե երբ է Մարտուն Գրիգորյանը անելու այդքան սպասված հայտարարությունը։ Այս եւ այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։
-Պարո՛ն Ղազարյան, Փարաքարում ու Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ-երից խոսենք։ Փարաքարում քաղաքապետ ընտրվեց ընդդիմության թեկնածուն, իսկ Գյումրիում վիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս կապակցությամբ։
-Գյումրիում նույնպես իշխանությունը պարտվել է, որովհետեւ ընտրվում են միայն այն դեպքում, եթե ստանում են կեսից ավելի ձայները, իսկ Փարաքարում եւ Գյումրիում իշխանության ներկայացուցիչները կեսից ավելի ձայներ չեն ստացել, ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչն է ստացել կեսից ավելի ձայներ: Գյումրիում մեծամասնությունը քվեարկել է ընդդիմադիր թեկնածուների օգտին, այսինքն՝ իշխանությունը պարտվել է։ Ժողովուրդն իր որոշումը կայացրել է. չնայած բոլորս անհանգիստ էինք, բոլորս սպասում էինք հայտարարությունների, որովհետեւ արդեն եղել են հայտարարություններ՝ մասնավորապես Ռուբեն Մխիթարյանի, Կարեն Սիմոնյանի կողմից, որ պատրաստ են անվերապահ աջակցություն ցուցաբերել ամենաշատ ընդդիմադիր քվեները ստացած քաղաքական ուժին, բայց գոյություն ունի տրամաբանական ժամկետ։ Երբ մանդատները ստանան, ավագանու առաջին նիստը կգումարվի, եւ կլինի համայնքի ղեկավարի ընտրություն։
Այսինքն, այստեղ կարեւորը Գյումրու բնակիչների որոշումն է, որ չնայած ընտրախախտումներին՝ գյումրեցիները իշխանական թեկնածուին դեմ են քվեարկել. սա սովորական ընտրություն չէր. բացի նրանից, որ Գյումրու ընտրությունն էր, պետք է հասկանանք, որ Հայաստանի խոշոր համայնքներից մեկի ընտրությունն էր, եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել ընտրարշավին։ Հիշենք, որ նա գնացել էր Գյումրի եւ իր հետ գնացել էին ԱԺ ՔՊ-ական գրեթե բոլոր պատգամավորները, մարզպետներ եւ այլք։ Այսինքն՝ ամբողջ թիմով ջանք են ներդրել, որ պարտվեն։
-Ըստ Ձեզ՝ կմիանա՞ Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին։ Տեղեկություններ են շրջանառվում, որ չի միանալու։ Դուք ի՞նչ կասեք։
-Ես կարծում եմ, որ մենք շատ ենք անձնավորում այդ գործընթացը, ինչը ճիշտ չէ։ Մարտուն Գրիգորյանը նախ Ազգային ժողովի պատգամավոր է, եւ մենք չգիտենք՝ ինքը պատգամավորական մանդատից է հրաժարվելու, թե Գյումրի համայնքի ավագանու անդամի մանդատից։ Եթե նա հրաժարվեց ավագանու մանդատից, ուրեմն քաղաքապետի ընտրությանը չի մասնակցելու, այլ մասնակցելու են համայնքի ավագանու անդամները։ Իսկ Մարտուն Գրիգորյանը որպես անհատ չի մասնակցել ընտրություններին, նրան առաջադրել են որպես «Մեր Քաղաքը» դաշինքի 1-ին համարի թեկնածու, որը ձեւավորվել է երկու կուսակցություններից՝ «Հայրենիք» եւ «Արդար Հայաստան»։
Այսինքն, կուսակցություններն են կրում քաղաքական պատասխանատվություններ, ոչ թե Մարտուն Գրիգորյանը։ Նա թեկնածու է, որը կարող է նաեւ հրաժարվել ավանագու անդամի իր կարգավիճակից, հետեւաբար քաղաքապետի ընտրությանը չի մասնակցելու։ Նույնը վերաբերում է Վարդան Ղուկասյանին։ Ես հիասթափություն եմ տեսնում թեկնածուների մեջ, թեպետ բոլորին հանդարտության կոչ եմ անում։
-Կոնկրետ ո՞ւմ, պարո՛ն Ղազարյան։
-Կարծես Վարդան Ղուկասյանն է մի փոքր ոգեւորված: Պետք է հասկանալ, որ Գյումրիում քաղաքապետ չի ընտրվել, սա քաղաքապետի ընտրություն չէր, այլ համայնքի ավագանու ընտրություն։
Քաղաքապետ կարող է դառնալ ձայների կեսից ավելին ստացողը։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ՝ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը եւ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ Նարեկ Մանուկյանը շատ լարված հարաբերություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ու կարծես թե Ավանեսյանին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել Մանուկյանին աշխատանքից ազատելու հարցում։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ տնօրեններին հրավիրել են նախարարություն եւ հորդորել ազատման դիմումներ գրել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ արդեն որոշված է, որ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն է նշանակվելու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատը վայր էր դրել։ Երեկ ArmLur.am-ը կապ հաստատեց Նարեկ Զեյնալյանի հետ՝ պարզելու, թե որքանով է ArmLur.am-ի տեղեկությունը իրական, մեր զրուցակիցը նշեց. «Մոտ երկու շաբաթ է՝ այդ տեղեկությունները շրջանառվում են, այլ բան չունեմ ավելացնելու»։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐԱՂՉԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ռազմական մեթոդներն ու հարվածներ հասցնելու սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ Այս մասին նախարարը գրել է X սոցիալական հարթակում: «Բոլորին պետք է պարզ լինի, որ, ըստ էության, գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին «ռազմական տարբերակն» է, չխոսենք արդեն «ռազմական լուծման» մասին», – գրել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ «աղետալի անհաջողությունները մեր տարածաշրջանում, որոնք ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի համար կազմել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, բավարար ապացույց են»։ Արաղչին ընդգծել է, որ դիվանագիտական փոխգործակցությունն անցյալում աշխատել է եւ «դեռ կարող է աշխատել հիմա»:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին»,- ասվում է հաղորդագրությունում։























