ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյոք ի վերջո, վարչապետի հրաժարականից հետո ինչի շուրջ են համախմբվելու ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը:
Պատգամավորի խոսքով` չորս ուժերի օրակարգում տարբեր խնդիրներ կան, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին: «Առաջիկա ծրագրերից է շատ բան կախված լինելու, մենք հույս ունենք, որ քառյակի ձևավորած օրակարգը թույլ կտա ՀՀ-ի իշխանություններին ևս պետք է մասնակցեց իրական բարեփոխումների ծրագրին: Առանց ինքնասպան լինելու պետք է ևս մասնակցեն մեր կողմից առաջարկվող բարեփոխումներին»,- մանրամասնեց Մինասյանը:
-Բարեփոխումներ ասելով` նկատի ունեք ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետե՞րը:
-Նաև դրանք: Առաջիկա օրերին նաև հստակություն կմտնի, թե որ քաղաքական ուժերն են որ կետերի շրջանակներում են պաշտպանում մեր առաջարկած կետերը:
-Իսկ արդյոք կհամախմբվեն չորս ոչ իշխանական ուժերը Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:
-ՀՅԴ-ի օրակարգում նման բան չկա: Մենք, երբ խոսում ենք հրաժարականի մասին, պետք է նկատի ունենանք, դրա հաջորդ քայլը առճակատումն է: Այն ուժերը, որոնք ցանկանում են գնալ այդ ուղղությամբ, պետք է անկեղծ լինեն և ժողովրդին ներկայացնեն իրենց քայլերի հաջորդականությունը: ՀՅԴ-ն իր առջև խնդիր է դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնել, բայց սահուն ընթացքով` ապահովելով նաև սահմանադրական փոփոխություններ:
-Այսօր, հավանաբար,պարզ կլինի` ով է լինելու ՀՀ-ի 13-րդ վարչապետը: կառավարության նոր ղեկավարի նշանակումն այսքան ձգձգելը չի նշանակում արդյոք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հետ համատեղ:
-Ես չեմ կարող ասել, նախագահն ինչ է մտածում:
-Իսկ ՀՅԴ-ը իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում:
-Մեզ համար կարևորը ծրագրերն են ու դրանք հետևողականորեն իրականացնելը: Մենք կարող ենք չլինել իշխանական ոչ մի աթոռի վրա, բայց պատրաստ ենք օգնել, որ տեղի ունենա փոփոխություն:
-ՀՅԴ-ը ցանկություն ունի՞ մտնելու կոալիցիա:
-Ոչ:
-Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում շարունակել երկրի ղեկավարումը ոչ որպես հաջորդ ՀՀ նախագահ և ոչ էլ որպես վարչապետ՝ այլընտրանքային կառավարման անցնելու դեպքում հորդորել է հանձնաժողովին՝ աշխատել անկաշկանդ, ինչ մեսիջներ է պարունակում:
-Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի այդ խոսքը: Սա մեր իրականության մեջ նոր ձեռագիր է, որը թույլ է տալիս ասելու, որ եթե բարեփոխումների գնացող նախագահը նման կոչ է հնչեցնում, ուրեմն պետք է բոլորս ներգրավվենք այդ բարեփոխումները ժողովրդի պահանջին հարմարեցնելու համար: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը նաև հստակ ուղերձ էր, որ ինքը չի աշխատում իր իշխանության վերարտադրությամբ ուղղությամբ:
-Հարցազրույցով էր հանդես եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ընդդիմադիր ուժերին տվել էր որոշակի խորհուրդներ: Կհետևի՞ ՀՅԴ-ը այդ խորհուրդներին:
-Առաջին նախագահի խոսքն իր նախագահների համար է, մենք խորհրդի կարիք չունենք, մենք ունենք մեր որդեգրած մոտեցումները:
-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն ստացաք Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից:
-Կլռեմ հաստատ, առանց մեկնաբանության:
Սոնա Դավթյան